211652_close_icon
views-count2956 դիտում article-date 14:45 28-09-2026

Կրակոցներ Երևանում՝ Հրազդանի կիրճում հայտնի «Ամառ» ռեստորանային համալիրի մոտ․ ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալները, որոնցից մեկը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է, չհասցրեցին ճողոպրել

Սեպտեմբերի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և պարզվել է, որ կրակոցներ արձակողները նշված վայրից այնուհետև «Jaguar» մակնիշի ավտոմեքենայով փորձել են հեռանալ, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց բռնել և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչ 22-ամյա Յուրիկ Բադալյանը և Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Արսենյանը։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածներից Ա. Արսենյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր