211652_close_icon
views-count1861 դիտում article-date 15:39 11-09-2021

ԱՄՆ-ի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվել է. Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է 20 տարի առաջ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ 20 տարի առաջ ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերերի պայթեցումից զոհվել է շուրջ 3000 մարդ:

«Հետահայաց կարող ենք արձանագրել, որ Ամերիկայի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվեց։ 9-րդ ամսվա 11-րդ օրն ահաբեկչություն իրականացնողներին չհաջողվեց կոտրել 911 ծառայության հանդեպ քաղաքացիների վստահությունը։ Միացյալ Նահանգների ահաբեկչական դեպքերից հետո էլ՝ ցավոք ականատեսն ենք բազմաթիվ ահաբեկչությունների, անդառնալի մարդկային կորուստների»,-նշել է Սիմոնյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի և աշխարհն առավել անվտանգ դարձնելու համաշխարհային օրակարգին՝ շեշտելով, որ համընդհանուր չարիքի կանխարգելումն ու կանխումն առաջնահերթություն է։

«Խոնարհվում ենք մարդկությանը պատուհասած աղետի անմեղ զոհերի հիշատակին»,-եզրափակել է ԱԺ նախագահը:

20 տարի առաջ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 ահաբեկիչներ առևանգել էին ԱՄՆ 4 ուղևորափոխադրող ինքնաթիռներ: Դրանցից երկուսն ահաբեկիչներն ուղղել էին դեպի Նյու Յորքի՝ այն ժամանակվա ամենաբարձր շենքերը՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու զույգ կառույցները, երրորդն ուղղել էին դեպի Պենտագոն: Չորրորդ ինքնաթիռը ևս ուղղել էին դեպի մայրաքաղաք Վաշինգտոն, սակայն այն Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու կործանվել էր:

Նմանատիպ նյութեր