211652_close_icon
views-count8202 դիտում article-date 16:27 04-12-2021

Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության և Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն: Այս մասին ասվում է ԱՀ դատախազության տարածած հաղորդագրությունում:

«Սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան:

03.12.2021թ. ԱՀ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը), ինչպես նաև 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Քրեական գործը դատախազության կողմից փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:

Դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության և Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն: Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը: Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ: 

Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում: Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող «Ղուրուսու» կոչվող տեղամասից հարկադրաբար և բռնություն գործադրելով առևանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած վիճակում ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները:

Տեսանյութը և մյուս ապացույցները առաջիկայում կտրամադրվեն նաև ռուսական կողմին՝ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ ու լիարժեք պատկերացում ձևավորելու համար:

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնական տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակել»: 

Հիշեցնենք, որ երեկ ԱՀ ԱԱԾ-ն հաղարդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։

Նմանատիպ նյութեր