Ինչու անձնագրեր չկան, կորոնավիրո՞ւսն է պատճառը, թե՞ մրցույթի ժամկետներն են սխալ հաշվարկել. ArmDaily.am
ArmDaily.am-ն կրկին ահազանգեր է ստանում, որ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության (Օվիր) առանձին ստորաբաժանումներում անձնագրեր ստանալու գործընթացը ձգձգվում է։ Մեզ ահազանգում են, որ քաղաքացիները արտերկրից գալիս են անձնագրեր ստանալու, սակայն «Օվիր»-ում հայտնում են, որ անձնագրեր չկան, չեն տպվում, արդյունքում հետ վերադառնալ չեն կարողանում։ Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մի քաղաքացի մեզ ահազանգել է եւ հայտնել, որ արդեն տևական ժամանակ է՝ կինն ու երեխան Հայաստանում են՝ անձնագրեր ստանալու նպատակով, բայց գործընթացը ձգձգվում է եւ այդ պատճառով չեն կարողանում վերադառնալ ՌԴ։ «Երեխան դպրոց պիտի գնա, կնոջս արձակուրդն արդեն ավարտվել է, որ գործատուն շաբաթներով կսպասի, արդեն սպառնում է աշխատանքից ազատել, իրեն էլ կարելի է հասկանալ, մարդու գործը տուժում է։ Բայց հարմար գործ գտնելն էլ հեշտ գործ չէ, հիմա ով է փոխհատուցելու այս ամենի համար»։
Քաղաքացիները նաև նշում են, որ Բեյրութից կամ Դուբայից գալիս են Հայաստան՝ անձնագիր փոխելու համար ու որոշակի գումար են նախատեսում այստեղ կեցության ծախսերն հոգալու համար, սակայն քանի որ ժամկետները խախտվում են՝ լրացուցիչ գումարի անհրաժեշտություն է առաջանում։ «Այդ լրացուցիչ ծախսերն ո՞վ է հոգալու։ Բա հիմա Սինանյանն ինչու չի խոսում, ինչու սփյուռքի շահերը չի պաշտպանում»,-բարձրաձայնում են քաղաքացիները։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ խնդիրը կապված է մրցույթ հայտարարելու ժամկետների հետ։ Բանն այն է, որ հայկական կողմը սխալ հաշվարկ է արել և մրցույթը ուշ է հայտարարվել, սրանով էլ պայմանավորված են ժամկետների ձգձգումները։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ArmDaily.am-ի հետ հարցին, թե որքանով է իրականությանն համապատասխանում մրցույթի հայտարարման ժամկետների սխալ հաշվակը՝ պատասխանեց, որ իրենք մեկ պարզաբանում ունեն։ «Քովիդով պայմանավորված՝ մատակարարման հետ տեխնիկական խնդիրներ են առաջացել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։