211652_close_icon
views-count60351 դիտում article-date 12:29 03-09-2021

Զորակոչիկի մեկից ավելի հիվանդությունները պետք է գնահատվեն ոչ թե առանձին-առանձին, այլ առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ. ՄԻՊ-ը առաջարկներ է ուղարկել ԱԺ և ՊՆ

ՄԻՊ Արման Թաթոյանն առաջարկներ է ուղարկել ԱԺ և ՊՆ․

«Օրենքի պատճառով մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկին բժշկական հանձնաժողովը դրանք դիտարկում է առանձին-առանձին, չի գնահատում հիվանդությունների համակցված ազդեցությունն իրենց առողջության վրա: Արդյունքում, զորակոչիկները ճանաչվում են զինվորական ծառայության համար պիտանի՝ սահմանափակումով:

Խնդիրն այն է, որ գործող օրենսդրության համաձայն՝ եթե զորակոչիկն ունի 5 և ավելի հիվանդություն (ծառայության համար սահմանափակում նախատեսող), ապա զինծառայությունից ստանում է տարկետում: Փաստորեն, գործող կարգավորումները նախատեսում են հիվանդությունների «քանակական փունջ, մինչդեռ կարևոր է, որ լինի նաև հիվանդությունների «որակական փունջ»։

Հիվանդությունների «որակական փունջ» սահմանված չլինելը բերում է մի վիճակի, որ բժշկական հանձնաժողովն այդ հիվանդությունները գնահատում է առանձին-առանձին՝ այլ ոչ թե ընդհանուր վերցրած, և արդյունքում անձը զորակոչվում է զինվորական ծառայության։

Սակայն զորակոչվելու դեպքում հնարավոր է զինապարտի փաստացի առողջական վիճակը թույլ չտա լիարժեք կերպով կատարել զինվորական պարտականությունները, և նույնիսկ մեծ հավանականություն կա, որ ծառայության ընթացքում ավելի կխորանան առկա հիվանդությունները, կամ նույնիսկ անձը ձեռք կբերի հաշմանդամություն։ Նմանատիպ բողոքներ են ստացվում հատկապես զորակոչերի ընթացքում:

Մարդու իրավունքների պաշտպանի կատարած ուսումնասիրությունները փաստում են, որ հիվանդությունների քանակական փնջի հետ միասին անհրաժեշտ է սահմանել «հիվանդությունների որակական փունջ», ինչպես նաև անձին զինվորական ծառայության զորակոչելիս նրա առողջական վիճակի համակարգված գնահատման մեխանիզմ:

Ճիշտ է, պետությունն է որոշում զորակոչիկների առողջության և պիտանիության չափանիշները, սակայն զորակոչիկները պետք է ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինեն զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված փոփոխությունների բարդություններին:

Կարևոր է ի սկզբանե ծառայության զորակոչել առողջ քաղաքացիների, իսկ որոշակի առողջական խնդիրների առկայության դեպքում հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դրանք լինեն համատեղելի ծառայության հետ և զինծառայողների համար չդառնան անհամաչափ բեռ:

Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ինչպես տարեկան հաղորդումներում, այնպես էլ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրավասու ստորաբաժանումների հետ քննարկումների ընթացքում:

Հասկանալի է, որ նշված առաջարկության իրացումը ենթադրում է որոշակի բարդություններ և առողջական վիճակի գնահատման որակական չափանիշների որոշման հատուկ մեխանիզմների կանխատեսում: Սակայն հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է զորակոչիկների պատշաճ փորձաքննության և զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների առողջական վիճակի պահպանման պետության պոզիտիվ պարտականությանը՝ պետական մարմինները պարտավոր են առողջական վիճակի գնահատման այնպիսի մեխանիզմներ սահմանել, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե զորակոչիկի կամ զինծառայողների մոտ առկա առողջական խնդիրների որակական համակցությունը արդյոք թույլ կտա պատշաճ իրականացնել զինվորական պարտականությունները և չի հանգեցնի առողջական խնդիրների վատթարացման:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներով արձանագրվել է մեկ այլ խնդիր նույնպես:

Այսպես, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 8-ի թիվ 405-ն որոշման համաձայն՝ այն զորակոչիկները, որոնք հայտարարված զորակոչի ընթացքում հետազոտությունների արդյունքում ճանաչվում են պիտանի զինվորական ծառայությանը սահմանափակումով 5 և ավելի տարբեր հիվանդություններով («քանակական փունջ»), ճանաչվում են բուժման կարիք ունեցող և նրանց տրվում է տարկետում մինչև 1 տարի ժամկետով` բուժման նպատակով:

Մինչդեռ, որոշմամբ սահմանված չէ զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն այն դեպքերի համար, երբ, օրինակ, 5-րդ հիվանդությունն անձը ձեռք է բերում ծառայության ընթացքում: Արդյունքում ստացվում է, որ նույն առողջական վիճակն ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է, իսկ այն պարտադիր ժամկետային զինծառայողները, որոնց առողջական վիճակը վատթարանում է ծառայության ընթացքում, շարունակում են ծառայել:

Հետևաբար, անհրաժեշտ է նախատեսել, որ զինվորական ծառայության ընթացքում հինգերորդ հիվանդության ձեռքբերումն առնվազն հիմք է զինծառայողի պիտանիության վերանայման համար:

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ:

Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ»:

Նմանատիպ նյութեր