211652_close_icon
views-count1636 դիտում article-date 12:43 01-09-2021

Ձեզ վիճակվեց առնչվելու կորուստների հետ, բայց գալիքը լուսավոր է․ ուղերձ՝ Արցախից տարհանված դպրոցականներին

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ-ում դպրոց հաճախող տեղահանված դպրոցականներին՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով․

Սիրելի դպրոցականներ

Ահա և եկավ կրթության հարատև և շնորհակալ գործը՝ բաղձալի օրը: Սեպտեմբերի 1-ին ձեզանից յուրաքանչյուրը կմտնի դասարան, որտեղ իրեն կդիմավորեն հոգատար և արհեստավարժ մանկավարժները: Դուք կթևակոխեք գիտության անափ օվկիանոսից ձեր գիտելիքների պաշարը համալրելու պատասխանատու հերթական փուլը: Այսօրվա աշխարհում գոյատևելու և բարգավաճելու հիմնական նախադրյալը հենց գիտելիքն է: Գիտելիքի շնորհիվ է, որ երկրներն առաջընթաց են ապրում, զարգանում և առաջադիմում:

Դուք եք մեր վաղվա հայրենիքի իրական տերերը, ըստ այդմ, պարտավոր եք սիրով ու մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել ուսումնական գործընթացին, լինել ուշիմ և սովորել լավ: Մի օր, մենք վստահ ենք, դուք կկառուցեք շատ ավելի լավ՝ բարեկեցիկ և հզոր հայրենիք, քան դա հաջողվեց մեզ: Իսկ դրա համար անհրաժեշտ է լավ սովորել, զինվել գիտելիքներով, լինել հայրենասեր և դառնալ մեր երկրի արժանավոր քաղաքացին: Առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին:

Սիրելի բալիկներ:

Ձեր կյանքը թևակոխում է որոկական նոր փուլ: Դուք ոտք եք դնում կրթության զարմանահրաշ աշխարհը: Ձեր սերնդին վերապահված է մեծ առաքելություն՝ կառուցելու և շենացնելու մեր սիրելի հայրենիքը: Կանաչ ճանապարհ ձեզ:

Սիրելի դպրոցականներ, ձեր սերնդին վիճակվեց առնչվելու զրկանքների, կորուստների և դառնությունների հետ, բայց գալիքը լուսավոր է, և մենք վստահ ենք, որ բոլորիս վաղվա հայրենիքը կլինի լույսի, հույսի և բարեկեցության օրրան: Եվ դա՝ ձեր շնորհիվ: Շնորհավոր գիտելիքի և դպրության օրը:

Նմանատիպ նյութեր