211652_close_icon
views-count1882 դիտում article-date 23:33 19-08-2021

«Հայաստանի դստեր» մտահոգությունը

Թբիլիսիում դեռևս ընթանում էր Եվրոպայի մինչև 17 տարեկան աղջիկների հանդբոլի առաջնությունը, իսկ  Երևանում արդեն գիտեին, որ  Հայաստանի << դուստր >> Աննա Մելքոնյանը եվրոպական հանձնաժողովում   30 հարցից բաղկացած թեստը գերազանց է հանձնել և ստացել է 96, 06 տոկոս գնահատական: Մինդեռ մինչև  75 տոկոսը  անցողիկ է:

Մարզական ընտանիքում է ծնվել  ՀԱՕԿ –ի աշխատակցուհի, գեղեցկատես Աննան: Մի քանի լեզուների լիարժեք տիրապետող  աղջկա ծնողները ՝ Հարություն և Լիլիա Մելքոնյանները մեզանում հայտնի ձեռնագնդորդներ են եղել,  երկար տարիներ հիմնական գրանցում են ունեցել Հայաստանի համապատասխան հավաքականներում  ու հիմա նույնպես  հայոց մարզաշխարհում են:  

Նրանք դեմ չէին, եթե զավակները գնային իրենց հետքերով: Մայրիկից անբաժան Աննան գրեթե ամեն օր ներկա էր լինում կանանց թիմերի մարզումներին: Աղջնակն ինքն էլ հասակակիցների հետ վազվզել է մարզադահլիճում, խաղացել թռչկոտող գնդակի հետ, խելացի փոխանցումներ կատարել ու ստացել, գոլ հեղինակելով  ուրախացել, բայց  առաջատար խաղացող չի դարձել: Փոխարենը արդարամիտ աղջիկը խորացել է  մրցավարությունում : Այնքան հստակ էր տիրապետում կանոններին, այնպես արագ էր կողմնորոշվում , որ 2016թ. Շվեդիայում, անգլերենով տեսական ու գործնական քննություններ է  հանձնել և համալրել  մարզաձևի եվրոպական ֆեդերացիայում աշխատող մրցավարական հանձնախումբը:

Աննան նաև ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է:  Նրա հետ խոսեցինք  մարզաձևի հայրենական դպրոցի մասին: Հրաշալի գիտե պատմությունը և երբեմնի  լավ  ավանդույթները:

Աննա Մելքոնյանը ափսոսանքով նշեց , որ հերթական անգամ Հայաստանը թիմ չներկայացրեց միջազգային պաշտոնական մրցաշարում: Պատվասեր ձեռնագնդորդները  չեն  ուզում ձախողվել, մանավանդ  պարտվել տարածաշրջանի մրցակիցներին: Պատճառները շատ են: Գլխավորը, թերևս երկրում  միջազգային չափերի խաղադաշտ չունենալն է / 44  24 մ. չափերի /: Փաստերով բազմիցս  համոզվել ենք , որ փոքր դահլիճներին սովոր մեր թիմերը միջազգային մրցումներում , մրցակիցների դեմ պայքարի առաջին խաղակեսում  կարողանում են լավ խաղալ ու ավելի հաճախ  գլխավորում են հաշիվը:  Իսկ ահա երկրորդ հատվածում , մասնավորապես  խաղի վերջնափուլում  մերոնք հոգնում , կորցնում են դիմացկանության որակները, խաղային ձեռագիրը, դադարում են կատարել տեխնիկատակտիկական գործողությունները ու պարտվում են, ավելի հաճախ ՝  խոշոր հաշիվներով: Իսկապես դա մեզ պատիվ չի բերում:

Ֆեդերացիայում հարցը մտահոգիչ է:  ՍՄԱՐԹ  ծրագրի շրջանակներում  , գլխավոր քարտուղարի լավ աշխատանքի ու հետևողականության շնորհիվ եվրոպական ֆեդերացիայի մասնագետները Հայաստանում մրցավարական – մարզչական սեմինարներ են անցկացնում, տրամադրում են մարզագույք և այլն:

Հայաստանի բազմաթիվ մարզերի քաղաքներում / Երևան ,Վանաձոր, Ալավերդի,Գյումրի,Գավառ, Նոյեմբերյան, Ստեփանակերտ, Սիսիան, Քաջարան / գործող  խմբերում ընդգրկված են հանդբոլ սիրող  շուրջ երկու  հազար հինգ հարյուր  տղաներ և աղջիկներ: Իսկ ահա համապատասխան  մարզադահլիճներ և մարզակումբներ երկրում չկան, բայց թիմային աշխատանք և միասնություն բովանդակող հանդբոլը կա:

Վերջում նշենք, որ թբիլիսյան ստուգատեսում  մրցանակային եռյակում տեղ գտան հաջորդաբար  Հոլանդիայի, Սերբիայի և Ֆարերյան կղզիների   թիմերը:

Նմանատիպ նյութեր