211652_close_icon
views-count300896 դիտում article-date 19:03 09-08-2021

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Opel-ը բախվել է կամրջի բետոնե սյանը. հայրը, մայրն ու երեխան մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել են։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման փրկարարական ջոկատը՝ հրամանատար Ս. Բիձյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի, Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածներն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և նրանց երեխան։

Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Էդմոն Այվազյանի և ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արթուր Մելիքյանը։ 

Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վթարի հետևանքով վնասվել են նաև BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, երբ Opel-ի անվահեծանն ու որոշ դետալներ շպրտվել են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 238+
238+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր