211652_close_icon
views-count35777 դիտում article-date 23:40 06-08-2021

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Opel-ով վրաերթի ենթարկված տղամարդ հետիոտնը «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է. ժամանել են պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարն ու տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա 23 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 50-60 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, իսկ դեպքի վայրում փորձում էին զննություն կատարեին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի և ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի մասին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ 

Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր