211652_close_icon
views-count19972 դիտում article-date 20:28 06-08-2021

Ավագանու անդամին ծեծելու մեջ կասկածվում է Հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոցի պարետը. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Օգոստոսի 1-ին հաղորդվել էր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին եւ նրա պապին՝ Ազատ Անտոնյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մասին: Նույն օրը Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քր. գործ՝ ՀՀ քր. օր. 118 հոդ., 147 հոդ. 1-ին մասի և 34-104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով:

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին ծեծի է ենթարկել Սուրեն Պ-ն, որը «Հայաստան» մարզական ՀԿ Երևանի հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոցի պարետն է, և իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին դիմակավորված, դանակով զինված հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։  

Գիշերը, ժամը 01։10-ի սահմաններում 2 դիմակավոր անձինք բաց դռնից մուտք էին գործել Նոր Հաճն քաղաքի Նոր-Արտամետի փողոցներից մեկի սեփական տուն, հավանաբար, փորձել էին թալանել այն, սակայն դիմադրության էին արժանացել։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա, օտար մարմին, սառը զենք, տրավմատիկ պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, իսկ որոշ ժամանակ անց «գանգի շրջանի բաց վերք, աջ ստորին կոպի հեմատոմա» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն էր տեղափոխվել մեկ այլ քաղաքացի։

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Դալլաքյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորներն են՝ Նոր Հաճն քաղաքի Նոր-Արտամետի 4-րդ փողոցի նրբանցքներից մեկի շենքերի բնակիչներ՝ 42-ամյա Արման Անտոնյանը և 87-ամյա Ազատ Անտոնյանը։

Ճիվաղները, հանդիպելով դիմադրության, դեպքի վայրից դիմել էին փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, իսկ Արման Անտոնյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր