211652_close_icon
views-count1428 դիտում article-date 14:47 27-07-2021

Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն

Հուլիսի 26-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը չհայտարարված մշտադիտարկման այց է կատարել Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ի մամուլի ծառայությունը։

Պաշտպանը ծանոթացել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակին, պահման ընդհանուր պայմաններին և նրանց առօրյային։

Այցի ընթացքում նա անմիջական միջավայրում շփվել է երեխաների հետ, առանձնազրույցներ ունեցել երեխաների և տնօրինության հետ։

Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել երեխաների մաքրության ու առողջության պահպանման հարցերին, կրթության իրավունքի իրացմանը, հոգեբանական աշխատանքների որակին, երեխաների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին:

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է գնահատել, որ հաստատությունում կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքում երեխաների պահման պայմանները անհամեմատ ավելի լավ են, քան նախկինում։

Այնուամենայնիվ արձանագրվել է, որ պայմանների հետագա բարելավման հավելյալ կարիք կա, մասնավորապես երեխաների անվտանգության ապահովման տեսնակյունից խիստ անհրաժեշտություն է հաստատության ցանկապատի կառուցումը, ինչպես նաև բակում երեխաների ժամանցի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։

Գեղամ Ստեփանյանը իր լիազորությունների սահմաններում կցուցաբերի աջակցություն քննարկումների ժամանակ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ համագործակցելով բոլոր իրավասու մարմինների հետ։

Նմանատիպ նյութեր