211652_close_icon
views-count1365 դիտում article-date 11:31 27-07-2021

Անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակում են գործել Ֆրանսիայում Կուբայի դեսպանատան վրա. Կուբան մեղադրում է ԱՄՆ-ին

Անհայտ անձինք հարձակում են գործել Ֆրանսիայում Կուբայի դեսպանատան վրա՝ կիրառելով Մոլոտովի կոկտեյլներ (վառվող նյութերով լի շիշ), հայտնում է Ֆրանսիայում Կուբայի դիվանագիտական ծառայության կայքը։

«Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ֆրանսիայում Կուբայի դեսպանատունը դարձել է Մոլոտովի կոկտեյլներ նետած երկու անձանց կողմից իրականացված ահաբեկչական հարձակման թիրախ, որի հետևանքով հրդեհ է բռնկվել շենքի ճակատային մասում և մուտքի մոտ։ Մեր երկրի դեմ նման ահաբեկչական գործողությունները խրախուսվում են Միացյալ Նահանգների կառավարության կողմից», - ասված է դիվանագիտական ծառայության տարածած հայտարարության մեջ, որտեղ նշվում է, որ աշխատակիցները չեն տուժել, սակայն շենքը նյութական վնաս է կրել։

Կուբայի դեսպանատունը դատապարտել է հարձակումը, իսկ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլիան հարձակման համար մեղադրել է ԱՄՆ-ի իշխանություններին։

«Մենք կարծում ենք, որ ԱՄՆ կառավարությունը պատասխանատու է մեր երկրի դեմ շարունակական արշավների համար, որոնք խրախուսում են այդ վարքը և անպատիժ բռնության կոչերը»,- գրված է Կուբայի արտգործնախարարի պաշտոնական թվիթերյան հաշվում:

Հայտնի է, որ այս միջադեպը Կուբայի դիվանագիտական ծառայությունների վրա հարձակման առաջին դեպքը չէ։ 2020 թվականի ապրիլին կրակ է բացվել Վաշինգտոնում Կուբայի դեպանատան վրա, որի հետևանքով ոչ ոք չէր տուժել։

Նմանատիպ նյութեր