211652_close_icon
views-count67389 դիտում article-date 11:00 22-07-2021

Արտակարգ դեպք Երևանում, Արաբկիրում արմատից փտած հսկայական բարդին տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա․ օպերատիվ են գործել փրկարարները, թաղապետարանի աշխատակիցները, «Գազպրոմի» և «Երքաղլույս» ՓԲԸ-ի ներկայացուցիչները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանում Վարհրամ Փափազյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց հսկայական բարդին քոքից պոկվել և ընկել է, փակելով ճանապարհը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի ընկնելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia Cerato, Kia Forte և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Դեպքի մասին տեղեկանալով, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հանձնարակարակնով՝ օպերատիվորեն ժամանել են Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով փրկարարների հետ մասնատեցին ծառը։ 

Մոտ 3 ժամից ավելի երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել էր, և տեղում ծառայություն էին կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաք գնդի ծառայողները, որպեսզի որոշ հետաքրքրասեր վարորդներ իրենց մեքենաները չկայանեն և խցանում չառաջացնեն։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» Փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները, ովքեր պոկված ու ճանապարհին ընկած էլեկտրալարերը կարճ ժամանակում ապամոնտաժեցին։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի կարգադրությամբ ժամանել էին նաև Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, որպեսզի պարզեն՝ արդյոք ծառի ընկնելու հետևանքով գազատարի վնասում եղել է, թե ոչ։ Բարեբախտաբար՝ նման վթար տեղի չի ունեցել։

Դեպքի վայրի հարևանությամբ ապրող քաղաքացիներն ասում էին․ «Նման տիպի վթարային ծառեր այս փողոցում շատ կան։ Միակ ուրախալին այն է, որ այս ծառի տապալման հետևաքով, որի արմատն ամբողջովին փտած էր, մարդային կորուստներ չենք ունեցել։ Իսկ թե ով է փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը՝ դեռևս պարզ չէ։ Ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետարանը մի բան կանի այդ ուղղությամբ։ Իսկ առաջիկայում էլ միջոցներ կձեռնարկեն իրենց դարն ապրած վտանգավոր ծառերի հեռացման ուղղությամբ։ Տեղն էլ նորերը կտնկեն։ Հակառակ դեպքում՝ եթե վտանգավոր ծառերը չհանեն, ապա չկա երաշիք, որ մյուս ծառի կամ ծառերի տապալման հետևանքով ողբերգություն տեղի չի ունենա»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր