211652_close_icon
views-count60421 դիտում article-date 23:44 21-07-2021

Վրաստանում 30-40 տոկոսը վարակված է հնդկական շտամով․ վիրուսի տարածման ցուցանիշը արագ աճում է


shantnews.am-ը գրում է. Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ երկրում համաճարակաբանական իրավիճակը լրջորեն վատթարացած է: Ըստ նրա՝ այս ֆոնին հատկապես կարևոր է հետևել հանձնարարականներին: Խոսելով խնդրի մասին՝ նա ընդգծել է փակ տարածքում շնչադիմակ կրելու անհրաժեշտությունը:

«Վտանգը լուրջ է, ուստի մենք բոլորս պետք է գիտակցենք, որ համաճարակային իրավիճակը վատթարանում է, մենք լուրջ ալիքի մեջ ենք մտնում: Այսօրվա և երեկվա տվյալները կրկնում են այն, ինչ ունեցել ենք մայիսի գագաթնակետին, ինչպես նաև նոյեմբերի սկզբին: Մենք պետք է հետևենք բոլոր հանձնարարականներին, առաջին հերթին փակ տարածքում շնչադիմակ կրենք: Կանոնակարգ է գործարկվում նաև շնչադիմակը բաց տարածքներում կրելու վերաբերյալ, որտեղ հավաքվում ենք»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն:

Նա հերթական անգամ հասարակությանը կոչ է արել խուսափել մեծ հավաքույթներից:

Բացի դրանից՝ ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի՝ համաճարակը հաղթահարելու բանալին պատվաստումն է: Ըստ Գամկրելիձեի, երկրում բավականաչափ պատվաստանյութեր կան, ուստի քաղաքացիները պետք է օգտվեն այս հնարավորությունից և պատվաստվեն:

«Գլխավորն այն է, որ մենք բոլորս գնանք պատվաստումներ կատարենք, երկրում բավարար քանակությամբ պատվաստանյութեր կան, և ավելի շատ պատվաստանյութեր կլինեն օրական 15-20 հազար մարդու ազատ պատվաստելու համար: Նախարարի հրամանը կստորագրվի այս շաբաթ, և բոլորը կարող են պատվաստվել Covid-ից ապաքինվելուց 30 օր հետո:

Ներկայիս համաճարակային իրավիճակի վատթարացումը կասեցվելու է երկու բանով. kանոններին հետևելը, հարսանիքներին, հոգեհացի սեղաններին, մեծ ծննդյան խնջույքներին, համերգներին չմասնակցելը: Մենք պետք է ավելի համերաշխ լինենք, քանի որ եթե համաճարակն այսպես սրվի, Հիվանդությունների վերահսկման կենտրոնը կմտնի խորհուրդ՝ ավելի խստացնելու կոչով: Մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը: Վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացությունը բարձր է: Երեխաների մոտ վարակման աճ կա, բայց մենք տոկոսային մեծ ցատկ չունենք»,- նշել է Գամկրելիձեն:

Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում 30-40 տոկոսը վարակված են հնդկական շտամով, և վիրուսի տարածման ցուցանիշը շատ արագ է աճում:

Նմանատիպ նյութեր