211652_close_icon
views-count39529 դիտում article-date 18:35 05-07-2021

Դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում Գեղարքունիքի մարզում. տականքը 90-ամյա կնոջ նկատմամբ բռնություն գործելով, ականջներից պոկել է ոսկյա ականջօղերը, պարանոցից՝ ոսկյա կախազարդն ու դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 5-ին,  դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:15-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է  ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Վաղաշեն գյուղի տներից մեկը, որտեղ զույգ ականջի բլթակների պատռված վերքով տանը հայտնաբերել են բնակչին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկտրչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության  և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանի, Մարտունու  քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի  և ավագ քննիչ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածը նշված գյուղի բնակիչ, 90-ամյա Ռոզա Կ.-ն է:

Մինչ բժիշկները տարեց կնոջն օգնություն էին ցուցաբերում, ոստիկաններն ու քննիչները  ձեռնարկված անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում  տաք հետքերով   պարզել են, որ տարեց կնոջ նկատմամբ դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում է կատարել  նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ադիբեկ Մելքոնյանը:

Պարզվել է, որ տականքը  դիմակավորված ու դանակով զինված մուտք է գործել տարեց կնոջ տուն, քաշելով նրան տնից հանել է դուրս, ծեծի ենթարկել,  բռնություն կիրառել, այնուհետև քաշել ու պոկել է ոսկյա ականջօղերը,  պարանոցի ոսկյա կախազարդը, իսկ հետո դանակով վնասել ձախ ձեռքի նախաբազկի հատվածը ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու դիմել փախուստի:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության  բաժանմունքների ծառայողները կարճ ժամանակում պարզում  են կասկածյալի գտնվելու հավանական վայրերը , ապա գյուղում հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Մարտունու բաժին:

Ճիվաղի մոտ   հայտնաբերվում է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, բժշկական դիմակը:  Հայտնաբերվում է նաև տարեց կնոջ պարանոցից հափշտակած կաղազարդն ու ականջօղերից մեկը:

Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Մելքոնյանը ոստիկանության Մարտունու բաժնից ներկայացել է Մարտունու քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր