46008 դիտում
16:46 02-04-2019
Կողոպուտ Գեղարքունիքի մարզում, 2 դիմակավորված ճիվաղ կապկպել են տարեց կնոջը, ականջներից հափշտակել ասկյա ականջօղերը, ննջասենյակից էլ՝ գումար ու ոսկյա զարդեր
Երեկ՝ ապրիլի 1-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք մտել են Վարսեր գյուղի 1-ին փողոցի թիվ 44 տուն և կպչուն ժապավենով կապկպել տանը գտնվող 71-ամյա Ռիմա Պողոսյանի ձեռքերն ու ոտքերը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված ճիվաղները կնոջից պահանջել են գումար, ոսկյա, արծաթյա զարդեր, որի հետո կնոջ ականջներից պոկել են ոսկյա ականջօղերը, ապա տակնուվրա արել տունը, իսկ ննջասենյակից հափշտակել ոսկյա զարդեր և դիմել փախուստի։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Պետրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Սիմոնյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Պետրոսյանի և ավագ քննիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Մարտիրոսյանի որոշմամբ կողոպուտ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կողոպտված տարեց կնոջն անօգնական վիճակում հայտնաբերել է փեսան՝ նշված տան բնակիչ՝ 59-ամյա Աղասի Մելքոնյանը, ով ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ զոքանչի բերանը, թևերն ու ոտքերը եղել են կապկպված, նա ծեծված է եղել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: