211652_close_icon
views-count5152 դիտում article-date 00:39 24-06-2021

Հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. Չարչյանի պաշտպան

Ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է անվանի պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:

«Հարգելի գործընկերներ,

Չնայած ուշ ժամին ստիպված ենք տեղեկացնել, որ Պրոֆեսոր Չարչյանը մինչ այսօրվա խայտառակ և ապօրինի որոշման հրապարակումը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։ Հավելյալ տեղեկություններ Պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք։ Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը»,- գրել է  նա։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

Նմանատիպ նյութեր