211652_close_icon
views-count2200 դիտում article-date 14:09 20-06-2021

Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել։ Այս մասին քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

tert.am-ը գրում է. «Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե «Պատիվ ունեմ»-ի թիմի վրա ճնշումներ են գործադրվում` Սարգսյանն արձագանքեց․

«Ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի օրերին, ակնհայտ հրահանգավորումով լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն, անգամ անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական խուզարկություններ՝ առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ, որոնք դատական ակտերով հաստատվել են և այսպես շարունակ»,-ասաց նա՝ նշելով, թե առավոտից ուշադիր հետևում են իրադարձություններին։

«Կարծում եմ՝ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք, իսկ հիմնական հայտարարությունը կանենք քվեարկության ավարտից անմիջապես հետո»,-ասաց նա։

Հարցին՝ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հնարավորություն տեսնու՞մ է, Սարգսյանն արձագանքեց․ «Ընտրություններն անցնելուց հետո դրա մասին կխոսենք»։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն ներե՞լ է իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու և 2013-ին նախագահի պաշտոնին երկրորդ անգամ առաջադրվելու համար, Սարգսյանն արձագանքեց․ «Ինձ միայն Աստված կարող է ներել, ուրիշ ոչ մեկը»։

Հարցին՝ իր կարծիքով՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանին սատարում, և ոչ իրեն, Սարգսյանն արձագանքեց՝ այդ հարցը Կարապետյանին է պետք է տալ, ապա հավելեց․ «Այդտեղ ի՞նչ ողբերգություն եք տեսնում կամ անտրամաբանական բան»։

Այն հարցին էլ, թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան, եթե վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, Սարգսյանն արձագանքեց․ «Ապագա չկա»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր