211652_close_icon
views-count41012 դիտում article-date 10:07 17-06-2021

Կասկադյորական ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդի BMW-ն տապալել է գովազդային վահանակը, կոտրել նստարանն ու հայտնվել ծաղկի սրահի մուտքի մոտ. պատճառը Porsche Cayenne-ի՝ վթարային իրավիճակ ստեղծելն է եղել, ով դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

  Այսօր՝ հունիսի 17-ին, կասկադյորական ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Էրիկ  Գասպարյանը իր վարած BMW 525 մակնիշի  ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետև կոտրել մայթին տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծաղկի սրահի դռանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն  ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների  հերթասպահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով,  որ իրեն լավ է զգում:

Հրշեջ-փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանութան  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը  եղել է Porsche Cayenne մակնիշի  ավտոմեքենայի վարորդի կողմից Է. Գասպարյանի համար վթարային իրավիճակ  ստեղծելը:  Porsche Cayenne –ի  վարորդն էլ դեպքի վայրից հեռացել է:

BMW-ի  վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի            
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր