211652_close_icon
views-count1411 դիտում article-date 14:54 15-06-2021

Արցախում ռուս խաղաղապահների մանդատը պետք է անժամկետ լիներ․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը. Tert.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը պետք է անժամկետ լիներ, այդ մանդատի ներկայիս սահմանափակվածությունը՝ հնգամյա ժամկետը, խնդիր է: Նա իր տեսակետը հայտնել է Sputnik Արմենիային, RT-ին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում, փոխանցում է Tert.am-ը։

Քոչարյանի խոսքով՝ այն փաստը, որ այսօրվա դրությամբ Ղարաբաղում ինչ-որ խոշոր կռիվներ և բախումներ չեն եղել (փոքր միջադեպեր են եղել), խոսում է այն մասին, որ կողմերը հարգանքով են ընդունում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը: Եվ խաղաղապահ առաքելությունն էլ այնպես է աշխատում, որ իր գործունեությամբ արժանանում է այդ հարգանքին։

«Առայժմ ահա այսպիսի պատկեր է։ Բայց խաղաղապահների մանդատը սահմանափակված է 5 տարի ժամանակով։ Եվ դա ամենամեծ խնդիրն է։ Ավելի լավ կլիներ, եթե այդ մանդատն անժամկետ լիներ, առանց ժամկետ նշելու։ 4,5 տարի անց Ադրբեջանն իրավունք ունի Ռուսաստանին տեղեկացնելու, որ իրենք դեմ են խաղաղապահների մանդատի շարունակմանը։ Եվ Ռուսաստանը, այդ հայտարարության համաձայն, ստիպված կլինի հեռանալ այնտեղից»,-նշեց նա։

Այնպիսի անորոշություն է, որ թե՛ մարդիկ, թե՛ կառավարությունները՝ Հայաստանում ու Ղարաբաղում, չեն կարողանում պլանավորել իրենց ապագան։

Վերլուծելով 44-օրյա պատերազմի ընթացքում Մոսկվայի գործողությունները՝ Հայաստանի նախկին առաջնորդն ասել է, որ Մոսկվան չափազանց զգայուն իրավիճակում էր հայտնվել։ Մի կողմից՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, մյուս կողմից՝ միջնորդ, Մինսկի խմբի համանախագահ, ինչը ենթադրում էր, որ պետք է հավասար հեռավորություն պահել կողմերի նկատմամբ։

«Բացի այդ, Ռուսաստանն Ադրբեջանի հարևանն է։ Մոսկվան փորձում է Բաքվի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել։ Իրավիճակը շատ բարդ է։ Հայաստանի սպասումները չէին համընկնում այն բանի հետ, ինչ Ռուսաստանը տվյալ իրավիճակում կարող էր անել։ Նրա համար պատկերը սևուսպիտակ չէ և բավականին զգայուն է»,-կարծում է Քոչարյանը։

Հենց այդ պատճառով էլ ռուսական շահերի տեսանկյունից միակ ճիշտ քայլը պատերազմը հնարավորինս արագ կանգնեցնելն էր։ Եվ Ռուսաստանը փորձում էր դա անել: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նմանատիպ նյութեր