211652_close_icon
views-count3276 դիտում article-date 21:04 08-06-2021

Աշխատող մայրերը չեն կարողանում լիովին իրացնել կրծքով կերակրելու իրենց իրավունքը. «Կետ 33» կազմակերպություն

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ստանալու կրծքով կերակրում՝ որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ստանալու համար։ Միևնույն ժամանակ, կրծքով կերակրող կինն իրավունք ունի ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում կրծքով կերակրելու համար։ Եվ պետությունը միջոցներ է ձեռնարկում կրծքով կերակրումը խրախուսելու, կրծքով կերակրող կանանց և երեխաների իրավունքները պաշտպանելու համար: Այդ դրույթները ամրագրված են «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքով։

Թեև այս իրավունքներն ամրագրված են օրենսդրությամբ, սակայն դրանց իրացման վերաբերյալ կան մի շարք խոչընդոտներ։ Ներկայացնում ենք կրծքով կերարկման հարցերին վերաբերող մի հատված «Վաղ մայրության շրջանում կանանց աշխատանքային իրավունքի պաշտպանության իրավական երաշխիքներն ու աջակցման ծրագրերը» հետազոտությունից, որն իրականացվել է «Կետ 33» կազմակերպության կողմից՝ Ֆրիդրխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Այսպես, Աշխատանքային օրենսգիրքը նույնպես ունի հստակ դրույթներ, որոնց նպատակը արձակուրդից հետո ևս երեխայի կրծքով կերակրելը շարունակելուն նպաստելն է։

●     Կրծքով կերակրելու համար նախատեսված սենյակ աշխատավայրում․

251-րդ հոդվածում նշվում է, որ կազմակերպությունում աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան` երեխաներին կրծքով կերակրելու համար կահավորվում են սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով:

2019-ի հոկտեմբերից ուժի մեջ է մտել «ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որի  միջոցառումների ծրագրով նախատեսվում է բարձրագույն ուսումնական և պետական հաստատություններում (աշխատանքի և ուսման վայրերում) կրծքով կերակրող մայրերի համար կերակրասենյակների ստեղծում: Այս միջոցառումը նախատեսվում է փորձնական ծրագրով Երևանում իրականացնել 2021-2023 թվականներին։

 Թեև սա գործնականում խնդրի լուծմանն ուղղված քայլ է, սակայն ակնկալվող արդյունքը հստակ չէ սահմանված, անհասկանալի է, թե կոնկրետ որ հաստատություններում և քանի կերակրասենյակ է նախատեսվում ունենալ։

●     Հավելյալ ընդմիջումներ կրծքով կերակրելու համար․

Օրենսգրքի 258-րդ հոդվածը սահմանում է, որ կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի 1,5 տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով: Այսինքն, 8 ժամ տևողությամբ աշխատանքային օրվա ընթացքում կրծքով կերակրող կինը կարող է ունենալ հավելյալ առնվազն 1 ժամ ընդմիջում։

Նախ, UNICEF-ն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջարկում են կրծքով կերակրումը շարունակել մինչև երեխայի 2 տարեկանը կամ դրանից հետո։ Մյուս կողմից գործնականում  այս դրույթի կիրառելիությունը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով կերակրասենյակների կամ երեխաների խնամքին հատկացված տարածքների բացակայությունը աշխատավայրերում, հանրային տրանսպորտի անկանոն աշխատանքը և այլ հանգամանքներ։  Շատ դեպքերում կանայք, գործատուի հետ համաձայնությամբ, որոշում են գումարել երկու ընդմիջումը և 1 ժամ շուտ դուրս գալ աշխատավայրից։ Կամ որոշում են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով և ունենալ քիչ եկամուտ, կամ աշխատել ամբողջ դրույքով և ռիսկի տակ դնել մանկահասակ երեխայի կրծքով կերակրվելու իրավունքն ու բավարար խնամքը։

Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքերը, առաջարկում ենք օրենսդրորեն ամրագրել կրծքով կերակրող կնոջ իրավունքը՝ մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը աշխատել հեռավար և/կամ ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու վերաբերյալ։

«Կետ 33» կազմակերպություն


 

Նմանատիպ նյութեր