Գեղարքունիքի մարզում գյուղացիները չեն կարողանում իրացնել կարտոֆիլի բերքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող գյուղացիները հայտնվել են իրենց բերքն իրացնելու խնդրի առաջ:
Մարդիկ այս պահին մեծ քանակությամբ կարտոֆիլ ունեն իրենց ամբարներում պահեստավորած, սակայն չեն կարողանում իրացնել գնորդ չլինելու պատճառով: Գեղհովիտցիների խոսքերով՝ նախորդ տարիներին Ռուսաստանից և Վրաստանից մարդիկ են եկել և մեծ քանակությամբ կարտոֆիլ տարել: Բայց այս տարի ոչ ոք չի մտել գյուղ: Մինչդեռ որքան տաքանում են օրերը, այնքան պահեստավորած կարտոֆիլը փչանում է, և ստիպված են այն դարձնել անասնակեր:
Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե այժմ իրենց գյուղում մարդիկ պահեստավորած ունեն մոտ 2000 տոննա կարտոֆիլ. «Բավականին մեծ թիվ է մեր գյուղի համար:Նախորդ տարի նման խնդիր չկար: Իսկ այս տարի գնորդ չունենք, փնտրում ենք, բայց չկան»:
Նշենք, որ գյուղատնտեսության նախարարությունից խոստացել են զբաղվել այս հարցով: Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարը ճամպրուկային տրամադրությունների մեջ է, առաջիկա օրերին հազիվ թե լուրջ քայլեր անեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]