211652_close_icon
views-count2658 դիտում article-date 11:01 18-05-2021

Իսրայելը շարունակում է ավիահարվածները Գազայի ուղղությամբ, պատասխան հրթիռներ են արձակվում իսրայելական քաղաքների ուղղությամբ

Իսրայելական կողմը շարունակում է ավիահարվածները Գազայի ուղղությամբ, զուգահեռաբար պաղեստինցիները շարունակում են հրթիռներ արձակել իսրայելական քաղաքների ուղղությամբ, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ այդ ընթացքում ակտիվանում են հրադադարին ուղղված դիվանագիտական ջանքերը։

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մոտ 90 հրթիռ է արձակվել ։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Իսրայելի ռազմաօդային ուժերը։

Իսրայելցի զինվորականները պատասխան կրակ են բացել նաև Լիբանանի ուղղությամբ, քանի որ Լիբանանի տարածքից 6 հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ։

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել են, որ լիբանանյան բանակի հետ ուժեղացրել են վերահսկողությունը երկրի հարավային շրջաններում։

Հայտնի է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երրորդ հեռախոսազրույցն է ունեցել Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուի հետ և աջակցություն հայտնել հրադադարի հաստատմանը։

«Ամնեսթի ինթերնեշընլ» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Միացյալ Նահանգների՝ Իսրայելին, վերջին հակամարտության ֆոնին, 735 միլիոն դոլարի զենք վաճառելու ծրագրերը և շեշտել, որ նման ծրագրերի հաստատումը խախտում է մարդու իրավունքները պաշտպանելու Միացյալ Նահանգների պարտավորությունը։

«Զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ի կառավարությունը ռիսկի է դիմում՝ ակտիվացնելով քաղաքացիական անձանց դեմ իրականացվող հարձակումները», - ասել է կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով իրավապաշտպան խմբի տնօրեն Ֆիլիպ Նասիֆը՝ Բայդենին կոչ անելով վերանայել վերոնշյալ որոշումը։

Նմանատիպ նյութեր