Պետք էր ունենալ կահավորված առաջնագիծ, համապատասխան ստորաբաժանումներ՝ ադրբեջանցիների ներխուժումը կանխելու համար․ քրգործի հարուցումը ամենավերջին լծակը պետք է լիներ, այն հեռանկար չունի․ Երվանդ Վարոսյան
Կարելի է քրեական գործ հարուցել, որ ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք ներխուժելու հանգամանքն ամրագրվի և ձեռք բերված ապացույցներով այդ փաստը հաստատվի, բայց տեղի ունեցողը ոչ այնքան քրեաիրավական ընթացակարգով պետք է լուծում ստանա, որքան երկրի պաշտպանության տեսակետից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ապօրինի հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ Դատախազության կողմից քրեական գործի հարուցմանն ու հարցին՝ դա ինչ կարող է տալ։
Ըստ Վարոսյանի՝ սա այն գործը չէ, որ քննություն իրականացվի, քննիչն էլ Սյունիքում ադրբեջանցիներին ձերբակալի։
«Նախաքննական մարմինն այս դեպքում ամենավերջին անելիքն ունի։ Եթե մեր տարածք են ներխուժել, նախ պետք է միջոցներ ձեռնարկել՝ այդ ներխուժումը դադարեցնելու ուղղությամբ՝ ռազմական, թե դիվանագիտական միջոցներով, դրանից հետո միայն կարելի է ընդհանրապես քրեական գործի, քննչական գործողությունների մասին խոսել, ինչ-որ բան ամրագրել։ Սա այն իրավիճակն է, որ քրեական գործն ամենավերջին լծակը պետք է լիներ»,-ասաց Վարոսյանը։
Հարցին՝ արդյո՞ք Դատախազության կողմից փաստի ամրագրումը կարող է միջազգային հարթակներում հօգուտ ՀՀ-ի որևէ նշանակություն ունենալ, փաստաբանն արձագանքեց․ «Նախաքննական մարմինը, պարզելով ներխուժման փաստը, կարող է փորձել գտնել ներխուժողների անունները, տվյալները, հրաման տվողներին, և միջազգային հետախուզում հայտարարել նրանց նկատմամբ, բայց այդ ամենը հեռանկար չունի։ Պարզ է, որ Ադրբեջանն իր տարածքում նրանց նկատմամբ հետախուզում չի իրականացնելու։ Դրանք անիմաստ բաներ են»,-ասաց նա՝ նշելով, թե միջազգային հարթակներում հարցի բարձրաձայնման համար քրգործի հարուցումը պարտադիր պայման չէր։
Վարոսյանի խոսքով՝ իրավիճակն աննախադեպ է, և իրավական հարթությունում չպետք է սպասել լուծման․ «Պետք էր ունենալ կահավորված առաջնագիծ, համապատասխան ստորաբաժանումներ՝ ներխուժումը կանխելու համար, ոչ թե հիմա նման գործողություններ կատարել։ Գործը քաղաքական, դիվանագիտական ու ռազմական դաշտում է, ինչի համար մեզ պետք է պետության ադեկվատ ղեկավար»,- ասաց Երվանդ Վարոսյանը։