211652_close_icon
views-count1412 դիտում article-date 10:25 12-05-2021

Թշնամանքը հնարավոր չէ կառավարել, փոխարենը՝ այն հնարավոր է հրահրել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երկուշաբթի օրը, ելույթ ունենալով խորհրդարանում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փաստացի իրեն եւ իր թիմին վերագրեց այն, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները եւ նախագահ Ջո Բայդենը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Եթե մենք չուզենայինք՝ դա տեղի չէր ունենա»,- պնդեց Փաշինյանը, հավելելով, որ նախկին իշխանությունները ԱՄՆ ղեկավարներին խնդրում էին, որ նրանք Ցեղասպանությունը չճանաչեն:

Ճիշտն ասած, կասկածում եմ, որ թե՛ այս երեք տարիների ընթացքում եւ թե՛ դրանից առաջ մեր իշխանությունը լծակներ ուներ Միացյալ նահանգների ղեկավարության վրա՝ նրանց համոզելու ընդունել կամ չընդունել Ցեղասպանությունը: Եթե համոզելով լիներ, ապա թող համոզեին ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին, որ այդ երկրները կանխեին Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա:

Բայց այս ամենն, իհարկե, տեղավորվում է նախընտրական քարոզչության շրջանակներում: Ամեն մի իշխանություն ընտրարշավի ժամանակ պետք է «գլուխ գովա»՝ նորմալ է: Այստեղ կա ավելի խորքային հարց` թշնամանքի մասին: Իշխանության կողմից առաջարկվում է հետեւյալ բանաձեւը. այո, մենք թշնամիներ ենք, բայց այդ թշնամանքը պետք է կառավարել:

Ես համացանցում տարբեր լեզուներով «գուգլեցի» «թշնամանքի կառավարում» բառակապակցությունը եւ ոչ մի նորմալ բացատրություն չգտա: Հավանաբար, դա, ինչպես միշտ, «աննախադեպ» երեւույթ է քաղաքագիտության կամ գուցե մենեջմենթի տեսության մեջ: Կարծում եմ, խոսքն այն մասին է, որ հայկական եւ թուրքական էթնոսների միջեւ գոյություն ունի թշնամանք, եւ ահա այդ զգացմունքը կամ դրանից բխող գործողությունները Հայաստանի կառավարությունը պետք է ինչ-որ ձեւով կառավարի: Ենթադրում եմ նաեւ, որ Փաշինյանի թիմը չի կարող կառավարել թուրքերի եւ ադրբեջանցիների թշնամանքը մեր նկատմամբ, եւ խոսքը հայերի թշնամանքի կառավարման մասին է: Հավանաբար, այդ կառավարումը սահմանափակվում է Հայաստանի քաղաքացիներով, որովհետեւ պարզ չէ, թե ինչպես է մեր իշխանությունը կառավարելու ամերիկահայի կամ լիբանանահայի թշնամանքը:

Այնուհետեւ հարց է առաջանում՝ թշնամանքի ո՞ր դրսեւորումները պետք է սահմանափակվեն եւ ինչպես: Դա պետք է լինի գրաքննությո՞ւն, ազատ խոսքի կամ գուցե հավաքների ազատության սահմանափակո՞ւմ: Եվ վերջին հարցը՝ իսկ ինչի՞ համար է պետք այդ թշնամանքը կառավարել, պետական ո՞ր նպատակի համար:

Անձամբ ես դեմ եմ որեւէ թշնամանքի՝ նաեւ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ: Թուրքիա եւ Ադրբեջան պետություններն ունեն նպատակներ եւ ծրագրեր, որոնք տրամագծորեն հակառակ են Հայաստան պետության, հայության նպատակներին: Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ կարողանանք առաջ տանել մեր ծրագրերը: Այսքան բան:

Թշնամանքը հնարավոր չէ կառավարել, փոխարենը՝ այն հնարավոր է հրահրել: Եվ այս առումով արժանին մատուցենք այս ընտրարշավի ֆավորիտներին՝ Փաշինյանին եւ Քոչարյանին՝ նրանք ներքին կյանքում թշնամանք հրահրելու մեծ վարպետներ են»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր