211652_close_icon
views-count2703 դիտում article-date 15:24 09-05-2021

Tert.am-ը, «ԱրմՆյուզը» և լրագրող Անի Գևորգյանը թիրախավորված են, դա ապացույցի կարիք չունի, իսկ Փաշինյանն այսօր անձամբ էր ասում՝ հեռու տարեք այդ աղջկան․ Արկադի Գրիգորյան

Tert.am–ի գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Tert.am–ի լրագրող Անի Գևորգյանի հետ Եռաբլուրում այսօր տեղի ունեցած միջադեպին, երբ Նիկոլ Փաշինյանի խոսնակն ու թիկնապահը լրագրողին թույլ չտվեցին մոտենել և հարց տալ Փաշինյանին, իսկ ավելի ուշ ոստիկանները սահմանափակեցին նրա տեղաշարժը։

Արկադի Գրիգորյանը գրել է, որ լրագրողը կարող է հարց ուղղել պետական պաշտոնյային երբ ուզի, որտեղ ուզի և ինչպես ուզի, իսկ պաշտոնյան կարող է պատասխանել կամ չպատասխանել, դա իր որոշելիքն է։

«Իսկ ահա մամուլի խոսնակն ու իրավապահը իրավունք չունեն մատով անգամ դիպչելու, նույնիսկ մոտենալու լրագրողին։ Մամուլի խոսնակի ինստիտուտի նպատակն ու ֆունկցիան շեֆին կրծքով պաշտպանելը չէ։ Իսկ այն, որ Tert.am-ը, «ԱրմՆյուզը» և լրագրող Անի Գևորգյանը թիրախավորված են, ապացույցի կարիք չունի։ Անդրանիկ Քոչարյանների շեֆն այսօր անձամբ էր ասում հեռու տարեք այդ աղջկան»– գրել է նա։

Արկադի Գրիգորյանը նաև նշել է, որ հաջորդ իշխանությունների օրոք դատական բազմաթիվ գործերի մեջ հաստատ շատ են լինելու վերջին երեք տարում լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները, ազատ խոսքի ակնհայտ ճնշումները։

«Ինչ ասեմ, բախնտերդ փորձեք ու շարունակեք նույն ոճով, մամուլի դեմ պատերազմ հայտարարածները միշտ պարտվել են։ Ի դեպ, դուք պարտվելու հետ սեր ունեք, Շուշին վկա։#antinikol»,– գրել է նա։

Նմանատիպ նյութեր