211652_close_icon
views-count5204 դիտում article-date 20:39 18-04-2021

Պահպանելով հայկական մշակութային ժառանգությունն ու ավանդույթները. Տեղի ունեցավ «Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
 
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են, ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:
 
Խոսենք Հայաստանում նշվող հուշարձանների պահպանման օրվա ու այս տարվա մի յուրահատուկ ծրագրի մասին,որը նվիրվում է  հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1838 թվական) Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200 ամյակին:
 
Մի քանի խոսքով ներկայացնեմ հուշարձանների պահպանության օրվա պատմությունն ու խորհուրդը: Այսպիսով՝1982 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 22-րդ Գլխավոր կոնֆերանսի հավանությանն արժանանալուց հետո Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը «ԻԿՕՄՕՍ» ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր` կոչ անելով  հնագիտական և մոնումենտալ ժառանգության վայրերն այդ օրը նշանավորել հատուկ նախաձեռնություններով ու միջոցառումներով: Տարիներ շարունակ ԻԿՕՄՕՍ-ն առաջարկում է որևէ թեմա` օրվա խորհուրդը համարելով մշակութային ժառանգության  լայն ընդգրկման լուսաբանումը:
 
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա՝ ապրիլի 18-ի, այս տարվա թեման է՝ «Բարդ անցյալներ, բազմազան ապագաներ»:«Մշակութային ժառանգության պահպանությունը պահանջում է անցյալի քննադատական վերլուծություն, քանի որ այդ պրակտիկան պահանջում է ապագայի ապահովում: Ընդունելով բազմազանության առավել մեծ ընդգրկման և ճանաչման համընդհանուր  կոչերը` 2021 թվականի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը  հրավիրում է բոլոր մասնակիցներին անդրադառնալ, վերաիմաստավորել և վերանայել գոյություն ունեցող նարատիվները:
 
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը հնարավորություն է ընձեռում ապահովելու բաց հարթակ լայն ներգրավվածության և մասնակցության համար: Այդ օրը, մասնավորապես, պատեհ հնարավորություն է ժառանգության բազմազանության նկատմամբ բարձրացնել հասարակության զգայականությունը, մեկտեղել այդ ժառանգության պահպանության և պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև ուշադրություն հրավիրել ժառանգության խոցելիության վրա»,- նշում են «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունից:
 
Ավանդույթի համաձայն` ապրիլի 18-ին առաջադրված թեմային համահունչ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020թ. դրամաշնորհային ծրագրերի շրջանակում  իրականացված «Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը` նվիրված մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին: Ծրագրի արդյունքում ստեղծվել են  2D ձևաչափով 7 անիմացիոն հոլովակներ` Հայաստանի հայտնի  և անհայտ հուշարձաններ /Գնդեվանք, Աղջկա բերդ, Թանահատի վանք, Մանթաշաբերդ, Ջրահարսի վարսեր, Սելիմի քարավանատուն, Մեծամոր արգելոց-թանգարան/  այցելելու և այդ հուշարձանների տարածքում որոշակի կանոնների հետևելու մասին: 
 
Դիտելով յուրաքանչյուր հոլովակ մտովի տեղափոխվեցինք մեր երկրի պատմության հեռավոր անցյալ՝ բացահայտելով դրա հետաքրքիր ու ճակատագրական փաստերը:Այսպիսով՝անիմացիոն հոլովակները երկլեզու են` հայերեն և անգլերեն, ունեն մինիմալիստական, բայց  պատկերազարդ  և գունեղ լուծումներ, ուղեկցվում են սուրդո թարգմանությամբ:
 
Ծրագիրն ունի հայրենաճանաչողական և կրթադաստիարակչական նպատակ և հոլովակները դիտելիս փոքր տարիքից քաղաքացու մոտ ձևավորվում է հետաքրքրություն և հարգանք պատմամշակութային ժառանգության, ընդհանրապես հայրենիքի հանդեպ: Բարեվարքության կանոններով խրախուսվում է խնամել, մաքուր և  անխաթար պահել և պաշտպանել  մեզ հասած ժառանգությունը:
 
Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է նման ուսուցողական ծրագրերի միջոցով ճանաչել, պահպանել և արժևորել մեր հարուստ ժառանգությունը, որը մեր ինքնության անհերքելի վկայությունն է:Ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցավ  ապրիլի 18-ին, հայ արվեստասեր ու մշակութասեր սիրված վայրերից մեկում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Ալեքսանդր Թամանյան ճարտարապետության թանգարան ինստիտուտի գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանը: Նա մի քանի խոսքով օրվա խորհրդի, ինչպես նաև ԻԿՕՄՕՍ Հայաստան գրասենյակի ու թանգարանի համագործակցության,ինչպես նաև համատեղ կազմակերպվող ծրագրերի մասին,իսկ վերջում բոլորին շնորհավորեց օրվա խորհրդի առիթով:
 
Ելույթ ունեցան ԻԿՕՄՕՍ Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը: Նա իր խոսքում հպանցիկ պատմական ակնարկ անցկացրեց ԻԿՕՄՕՍ-ի պատմության ու ստեղծման վերաբերյալ:
 
Նշենք, որ  հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը` ԻԿՕՄՕՍ-ը, ստեղծվել է 1965թ. Վարշավայում: Այն միջազգային ոչ-կառավարական միակ կազմակերպությունն է, որը ողջ աշխարհում գործունեություն է իրականացնում մշակութային ժառանգության մաս կազմող հուշարձանների, դրանց համալիրների և տեսարժան վայրերի պահպանության և պաշտպանության բնագավառում:
 
Այն կոչված է խրախուսել պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված տեսությունը, մեթոդաբանությունը և տեխնոլոգիաները: ԻԿՕՄՕՍ-ի գործունեությունը հենվում է հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության և վերականգնման հիմնարար սկզբունքների վրա, որոնք ձևակերպվել են 1964թ. ընդունված Վենետիկի խարտիայում: Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր գործող անկախ կազմակերպություն, որին Համաշխարհային ժառանգության մասին կոնվենցիայով վերապահված է գնահատել Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցման ներկայացված հայտերը: ԻԿՕՄՕՍ-ը  հանդիսանում է Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի խորհրդակցական մարմին: Կազմակերպության նստավայրը Փարիզում է: Այսպիսով՝հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշելը առաջարկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (անգլ.՝ ICOMOS) 1982 թվականի ապրիլի 18-ին։ 
 
1983 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար։ Խոսելով միջոցառումների խորագրի մասին կարող ենք նշել, որ յուրաքանչյուր տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը։
 
Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային ժառանգությունը կապված է պատմության և հիշողության հետ՝ 2014 թվականի համար Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո՝ կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ հիշատակի հուշարձաններին՝ մեկ անգամ ևս վերհիշելով պատմությունն ու այն կերտող ականավոր գործիչներին։
 
Այս տարվա խորագիրը պատահական չեն ընտրել, որը կոչվում է «Դժվար անցյալ, Բարդ ապագաներ»: Իր խոսքի վերջում նա խոսեց ինչպես Հայաստանի տարածքում պատմական հուշարձանների անտարբերության մատնելու փաստի վերաբերյալ,այնպես էլ հարևան երկրներում վանդալիզմի արդյունքում հայկական ճարտարապետության քանդելու փաստի մասին,նշելով, որ հարկավոր է արագ համախմբվել ու հստակ քայլեր ձեռնարկել սրանք վերացնելու ուղղությամբ:
 
Ըստ նրա ամեն ինչ պետք է սկսել դպրոցներից, մասնավորապես՝ պատմության ուսուցիչներին ծանոթացնելով ու ներգրավելով այս ծրագրում: Իր ելույթի ընթացքում Հայաստանի Հանրապետության Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն անդրադարձ կատարեց Հայաստանի ու մայրաքաղաք Երևանի հուշարձանների պահպանման կարգավիճակի մասին, նույնպես բոլորին կոչ անելով միավորվել ու համախմբվել խնդիրը կարգավորելու նպատակով:
 
ԻԿՕՄՕՍ-ի ու հուշարձանների պահպանության կատարած աշխատանքների մասին խոսեց Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը՝նշելով, որ այս ծրագիրը նվիրված է հայ մեծանուն մտավորական ու հասարակական գործիչ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200 ամյակին: Շնորհանդեսի ծրագրի ներկայացմամբ հանդես եկավ ԻԿՕՄՕՍ Հայաստանի գլխավոր քարտուղար Գոհար Գևորգյանը:Իր խոսքի վերջում Գոհար Գևորգյանը վստահեցրեց, որ մոտ ապագայում կշարունակեն անիմացիոն հոլովակների ներկայացումը՝ներկայիս սերնդին ծանոթացնելու Հայաստանի չբացահայտված պատմության էջերն ու հուշարձանների պահպանության կանոնները:
 
Գարիկ Ավետիսյան
 
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի և ԻԿՕՄՕՍ Հայաստան Հասարարակական կազմակերպության

Նմանատիպ նյութեր