211652_close_icon

Սա հերթական պարսպապատ նախագիծը չի լինելու, որտեղ ելումուտ ունեն նրանք, ովքեր այդտեղ կա՛մ ուսանող են, կա՛մ դասախոս. Փաշինյանը՝ «Ակադեմիական քաղաք»-ի մասին

views-count406 դիտում article-date 15:22 21-10-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» համաժողովին, հանդես եկել «Կանխատեսել ապագան» խորագրով բանախոսությամբ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Խոսելով Ակադեմիական քաղաքի ռազմավարական նշանակության մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կրթությունն անհատի ապագայի կանխատեսման հարթակ է, և «Ակադեմիական քաղաք» նախագիծն իրականում անհատի ապագայի կանխատեսման համակարգն ավելի ուժեղացնելն է և անհատի ապագայի կանխատեսման համակարգը տրանսֆորմացնելն է պետության ապագայի կանխատեսման համակարգի։ Եվ իմ կարծիքով՝ «Ակադեմիական քաղաքը» այն նախագիծն է, որն առավել ուժեղացնելու է անհատի ապագայի կանխատեսման բանաձևը»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «Ակադեմիական քաղաք» նախագծի շատ կարևոր բաղադրիչն են ավագ դպրոցները. «Մենք պլանավորում ենք, որ այնտեղ պետք է ունենանք արվեստների ավագ դպրոց, տեխնոլոգիաների ավագ դպրոց, բոլոր ուղղություններով ավագ դպրոց, ինչի գաղափարը նրանում է, որ Հանրապետության ամենաաչքի ընկած երեխաներին մենք հնարավորություն տանք միջանկյալ փուլում ավելի մոտիկ գտնվել բարձրագույն և հետբուհական կրթությանը»,- ասել է վարչապետը և հավելել, որ առանց բացառության յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է, և կրթական համակարգի դերը և նշանակությունը երեխայի տաղանդը բացահայտելն ու զարգացնելն է:

«Կյանքն ինքը սովորելու գործընթաց է, և հետևաբար՝ մեր խնդիրն է այդ սովորելու գործընթացը, կրթության գործընթացը դարձնել առավել ինստիտուցիոնալ, առավել նպատակադրված, առավել ինֆորմացված: Եվ նույնը վերաբերում է երկրի կյանքին, և իմ կանխատեսումն այն է, մեր պլանավորումն այն է, որ Ակադեմիական քաղաքը դառնալու է գրավիտացիոն կենտրոն Հայաստանի Հանրապետության կյանքի համար, որը կանխորոշելու է կյանքի ընթացքը Հայաստանի Հանրապետությունում անհատական մակարդակով, խմբային մակարդակով, համայնքային մակարդակով և պետական մակարդակով»։

Հաջորդիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի կրթական համակարգի ներկայիս վիճակը և դրա զարգացման հեռանկարները՝ վարչապետը նշել է. «Կրթության համակարգի վիճակը Հայաստանի Հանրապետությունում վատ է, բայց լավ լուրն այն է, որ մենք ունենք հստակ պլան և նախագիծ՝ ինչպես է պետք փոխել այդ իրավիճակը։ Եկեք գնանք տեսնենք, օրինակ, ուսուցիչների սոցիալական վիճակի հետ կապված խնդիրը։ Այսօր Հանրապետության մարզեր այցելելիս ես հաճույքով իմանում եմ, որ մարզերում արդեն կան ուսուցիչներ, որ 500000 դրամ աշխատավարձ են ստանում, 450000, 400000 դրամ, բայց սա չի նշանակում, որ մենք հասել ենք մեր երազանքին, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ կամավոր ատեստացիաները պետք է շրջափուլով կրկնվեն»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ դերակատարում կունենա Ակադեմիական քաղաքը Հայաստանի կրթական էկոհամակարգի վերափոխման և երիտասարդ մասնագետների ներուժի լիարժեք իրացման գործում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ակադեմիական քաղաքը Հայաստանում զարգացման մտքի աքսելերացիոն կենտրոն, գրավիտացիոն կենտրոն պետք է լինի, որի շուրջ պետք է տեղի ունենան իրադարձությունները»: Վարչապետի խոսքով, Ակադեմիական քաղաքի կարևոր առանձնահատկություններից է՝ աշխատատեղը պոտենցիալ ուսանողին մոտիկ բերելը, ինչը նրանց հնարավորություն կտա հենց տեղում պրակտիկա անցնել, այն լինելու է նաև ինտելեկտուալ ժամանցի թիվ մեկ կենտրոն. «Սա շատ կարևոր է։ Սա հերթական պարսպապատ նախագիծը չի լինելու, որտեղ ելումուտ ունեն նրանք, ովքեր այդտեղ կա՛մ ուսանող են, կա՛մ դասախոս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքը բոլորովին այլ տրամաբանության նախագիծ է, որպեսզի և՛ ուսանողները, և՛ դասախոսներն այնտեղ լիարժեք ապրելու, գործելու հնարավորություն ունենան։

Նմանատիպ նյութեր