211652_close_icon
views-count1396 դիտում article-date 10:48 23-03-2021

Ատելությունը, վախը տրոհում են հասարակությունը, տանում դեպի կործանում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Շաբաթ օրը Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանրահավաքներ անցկացրեց եւ անդրադարձավ, մասնավորապես, պատերազմում կրած պարտությանը՝ ինչպես միշտ, մեղքը գցելով իր վրայից եւ մեղադրելով «նախկիններին» («Պարտությունն իմն է» հռետորական դարձվածքը լիրիկայի ժանրից է): Միտինգներում վարչապետի հայտնած տեղեկությունները՝ դիվանագիտական շփումների, սպառազինության եւ բուն պատերազմի մասին, ակնհայտորեն հակասում էին նրա նախորդ հայտարարություններին եւ բազմիցս արձանագրած փաստերին: Այդ իրողությունը ֆիքսել են ընդդիմադիրները, «նախկինները» եւ, մասնավորապես, երրորդ նախագահը:

Ինքնին Սերժ Սարգսյանի քննադատությունը հիմնականում ճիշտ է, բայց սխալ է նրա հետեւյալ պնդումը՝ «քեզ այլեւս ոչ ոք չի հավատում»: Դա այդպես չէ՝ Փաշինյանին շարունակում են հավատալ տասնյակ հազարավոր մարդիկ,  իսկ այդ հավատալու հիմնական պատճառն այն է, որ այդ մարդիկ չեն հավատում իրեն՝ Սերժ Սարգսյանին, եւ պարզ է, թե ինչու՝ չկրկնվենք: Այս պայմաններում սույն ընտրազանգվածն անտեսելու է ամենաակնհայտ փաստերը եւ չի ցանկանա լսել վարչապետի ասածների դեմ բերվող ամենահամոզիչ փաստարկները:

Պոպուլիստը կարողանում է խաբել ժողովրդի մեծամասնությանը՝ օգտվելով վերջինիս տգիտությունից, անտեղյակությունից, նախապաշարումներից, էմոցիաներից, ֆոբիաներից (վախերից): Պատմության մեջ սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը: Եվ խնդիրը ոչ թե խաբողի մեջ է (տաղանդավոր, պերճախոս մոլորեցնողներ միշտ էլ կգտնվեն), այլ նրանց մեջ, ովքեր պատրաստ են խաբվել: Եկեք, ուրեմն, հասկանանք, թե ինչու են տարբեր ժամանակներում եւ տարբեր ժողովուրդների հետ նման բաներ պատահում:

Այուրվեդան՝ հնագույն հնդկական փիլիսոփայական ուսմունքն, ասում է. «Քաղաքակրթությունները կործանվում են ոչ թե պատերազմների, տարերային աղետների եւ այլ նման պատճառներով, այլ այն պատճառով, որ մարդիկ սկսում են մտածել միայն իրենց մասին, միայն այն մասին, որ վերցնեն, ոչ թե տան: Իսկ ներդաշնակության հիմնական սկզբունքն է էներգիաների փոխանակումը: Հենց այդ սկզբունքն է բացում մարդկանց սրտերը սիրո համար»: Գուցե կարելի՞ է այդ նույն սկզբունքը տարածել նաեւ պետությունների, հասարակությունների եւ, ինչու չէ, նաեւ ընտանիքների վրա: Եթե սեր չկա, այդ բոլոր կառույցներն անխուսափելիորեն քանդվում են, կործանվում են, վերանում:

Եթե մարդիկ պատրաստ չեն իրար լսելու, հասկանալու, ներելու, իրար ձեռք մեկնելու, իրար հետ պայմանավորվելու, ապա առաջին պլան է գալիս ատելությունն ու թշնամանքը: Մարդիկ կարող են հավաքվել հրապարակներում եւ ինչ-որ մեկի հասցեին «Heil!» բղավել, բայց դա որեւէ ձեւով չի վկայում հասարակության միասնության մասին, որովհետեւ այդ հավաքվածները գնալով տուն, կարող են իրար վրա մատնագրեր գրել. հրապարակում նրանց միավորում էր ատելությունը, ոչ թե սերը: Ատելությունը, վախը ներքին եւ արտաքին թշնամու առաջ, այդ վախով պայմանավորված «պաշտպանական դիրքը» իրականում տրոհում է հասարակությունը, թուլացնում է դրա դիմակայունությունը, տանում է դեպի կործանում:

Հետեւաբար, խնդիրը ոչ այնքան այս կամ այն կոնկրետ սուտը բացահայտելն է, որքան մարդկանց մեջ սերն արթնացնելը: Սեր, մասնավորապես, մեր պետության հանդեպ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր