211652_close_icon
views-count20701 դիտում article-date 23:07 12-03-2021

Բարձունքը մերն է, տղերքը` չկան, տղերքն ավելի բարձրում մնացին...

Գոյամարտ
1.
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան։

2.
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու՝
Մորթապաշտ օրս զինով զրահած,
Ու մթնած հոգուս փչակները խուլ
Ո՞նց բացեմ խինդ ու նվագի առաջ։

Անուններ չտամ – սուրբ են բոլորն էլ,
Իմ պղծությունն եմ առավել զգում,
Պստիկ հոգսերի մեջ եմ մոլորել
Իմ փուչ անցյալն ու գալիքն անխոստում։

Ինչ-որ կրակ կար՝ համով, ինքնաբորբ,
Աստվածաարև ավանդին հլու,
Ես էդ կրակի հաճությանը խորթ՝
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու։

3.
Հողդ չեմ տեսել, ցավդ չեմ կիսել,
Չեմ դարձել զոհ քո հաղթության համար,
Ոչ էլ կոչեր են շուրթիցս հոսել
Հեղափոխական հարթակին հարմար։

Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես՝
Սատանաները չեն հասկանալու,
Բայց պիտի կանգնեն խոնարհ հարսի պես
Քո դեմ՝ շանթահա՚ր հայացքիդ հլու։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 28-ին Գյումրի քաղաքի «Շիրակ» զինվորական պանթեոնում խնկարկման օր էր:   Այնտեղ էին հավաքվել արցախյան վերջին պատերազմում արիաբար զոհված գյումրեցի 24-ամյա Կարեն Սարգսյանի հարազատները, ընկերները, մտերիմներն ու զինակիցները:   Այդ օրը Կարենը կդառնար 24 տարեկան և ամեն տարվա այդ օրը նա իր ծննդյան օրը նշում էր հարազատների, ընկերների հետ:   Հերոսի շիրիմին խնկարկելուց առաջ հոգևոր հայրը տերունական աղոթք ընթերցեց:

  Զինվորական պանթեոնում հավաքվածները նշում էին. «Այսօր մեր սիրելի զինվորի, մեզ համար լեգենդ դարձած հերոսի ծննդյան օրն է: Ինչքան էլ ցավ կա մեր մեջ, բայց միևնույն է, նաև հպարտություն ենք ապրում:   Ճիշտ է, նա ֆիզիկապես մեր հետ չէ, բայց հոգեպես նա ամեն քայլափոխի մեր հետ է: Վստահ ենք, որ հիմա երկնքում նա իր ծննդյան օրը նշում է իր կողքին հուղարկավորված այս բազմաթիվ առյուծածին, լեգենդ դարձած հերոսների հետ: Հերոսներ, որոնց մենք երբեք բացակա չենք դնի: Հերոսներ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Հայաստանի ու Արցախի սահմանները անառիկ պահելու համար: Հերոսներ, ովքեր լավ է, չտեսան, թե ինչպես դավադիր ու նենգ հայի ձեռքով հանձնվեց Արցախի 80 տոկոսը, այն Արցախի, որը 90-ականներին ազատագրել էին նրանց հայրերն ու պապերը, 2016-ի ապրիլյանին պահեցին նրանց ավագ եղբայրները, իսկ վերջին արցախյան պատերազմի ժամանակ՝ իրենք»: 

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր