211652_close_icon
views-count69137 դիտում article-date 10:11 11-03-2021

Դանակահարություն՝ Գեղարքունիքի մարզում. դանակի 6 հարվածի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Երեկ՝ մարտի 10-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Ժամը 22։00-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, ու մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են վիրավորի ինքնությունը. նա Գանձակ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Վազգեն Ս-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել Վազգեն Ս-ի   և նրա համագյուղացի՝ 23-ամյա Հայրիկ Ե-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով 6 անգամ հարվածել է Վազգեն Ս-ի մարմնի տարբեր մասերին։ 

Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ մարտի 11-ին, գիշերը, ժամը 02։40-ի սահմաններում կասկածյալ Հայրիկ Ե-ն մեղայականով ներկայացել է Գավառի ոստիկանություն։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։

Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր