211652_close_icon
views-count2160 դիտում article-date 10:48 04-03-2021

Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված հրատապ հարցադրմանն ի պատասխան՝ Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ժոզեպ Բորելը եվրահանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի պաշտոնական կայքը: 

Եվրապատգամավոր Ֆուրլասի կողմից ուղղված հրատապ հարցման մեջ նշվում էր, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով պատերազմի միջազգային օրենքները, 2020թ. հոկտեմբերի 8-ին թիրախավորել և հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին: Եվրապատգամավորը Եվրոպական հանձնաժողովից հարցնում է, թե արդյոք վերջինս նախատեսում է քայլեր ձեռնարկել Արցախի «քաղաքացիական բնակչությունը և կրոնական պաշտամունքային վայրերը պաշտպանելու ուղղությամբ»:


Ի պատասխան Եվրապատգամավորին՝ Եվրահանձնաժողովը հայտնում է, որ խիստ դատապարտում է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը և ընդգծում է մշակութային և կրոնական ժառանգության պահպանման և վերականգնման կարևորությունը:

Իր պատասխանում Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչը նաև հիշատակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձը, որը սահմանում է կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոնների թիրախավորումը որպես ռազմական հանցագործությունները:

Եվրահանձնաժողովը ողջունում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելությունը դեպի՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջաններ: Այս առաքելությունն ուղղված է հայկական մշակութային ժառանգության նախնական փաստագրական գնահատմանը: Առաքելությունը նաև կաջակցի հայկական մշակութային վայրերի պահպանմանն ու վերականգնմանը:

Մեկնաբանելով գրավոր հարցման պատասխանը՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ադրբեջանը պետք է լիովին պատասխանատվություն կրի 2020թ. պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարած զարհուրելի ռազմական հանցագործությունների համար:

Դրանց թվում են Արցախի քաղաքացիական բնակավայրերը և կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը թիրախավորելը: Միջազգային հանրությունը և պատկան կազմակերպությունները պետք է հետևողականորեն հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից բռնազավթած հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը:

ենք չենք կարող թույլ տալ, որ իրականացվի ևս մեկ մշակութային ցեղասպանություն, ինչպիսին 2006թ. ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնած Նախիջևանի հազարավոր հայկական միջնադարյան խաչքարների ոչնչացումն էր: Արցախում պատմական հայկական ներկայության աղավաղման ցանկացած փորձ պետք է կանխվի և խստորեն դատապարտվի»:

Նմանատիպ նյութեր