211652_close_icon
views-count2598 դիտում article-date 09:01 26-02-2021

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանում տեղի ունեցածը չի որակում «հեղաշրջման փորձ»․ «Ամերիկայի ձայն»

Փետրվարի 25-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայաստանում ընթացող զարգացումներին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հարց՝ ինչպե՞ս եք գնահատում այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Կարծում եք, արդյո՞ք, որ տեղի ունեցածը, ինչպես ասել է վարչապետը, ռազմական հեղաշրջման փորձ է և աջակցում եք, արդյոք, նրան վարչապետի պաշտոնում:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս՝ Իհարկե տեղյակ ենք Հայաստանի վերջին զարգացումներից: Մեծ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին։ Բոլոր կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած իրավիճակը լարող կամ բռնի գործողություններից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք հիմնարար ժողովրդավարական սկզբունքի մասին, ըստ որի՝ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը: Միացյալ Նահանգները հաստատուն կերպով աջակցում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը և հորդորում նրա առաջնորդներին խաղաղ ճանապարհով լուծել իրենց տարաձայնությունները ՝ հարգելով օրենքի գերակայությունը, Հայաստանի ժողովրդավարությունը և նրա հաստատությունները:

Հարց՝ Շարունակելով թեման՝ ի՞նչ կասեք զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից արված հայտարարության մասին: Դուք այն որակում եք որպես հրահրում, թե՞ հեղաշրջման փորձ:

Նեդ Փրայս՝ Ինչպես գիտեք, պետքարտուղարությունն ունի հատուկ գործընթաց՝ պարզելու համար, թե արդյոք տեղի ունեցածը հեղաշրջում է, թե ոչ: Մենք խոսեցինք այդ գործընթացի մասին այլ հանգամանքներում՝ Բիրմայի համատեքստում, և փետրվարի 1-ին Բիրմայի ժողովրդավարական քաղաքացիական ղեկավարության տապալումից հետո տրված հեղաշրջման բնութագրի պարագայում: Կարծում եմ՝ ես ժամանակին ասել եմ, որ կան երեք չափանիշներ, որոնք դիտարկում է պետքարտուղարությունը՝ նման սահմանում տալու համար: Իհարկե, այս դեպքում չկա նման սահմանում: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը և կշարունակենք մեծ ուշադրությամբ հետևել ընթացող զարգացումներին:

Նմանատիպ նյութեր