211652_close_icon
views-count29377 դիտում article-date 19:37 21-02-2021

Միքայել Մինասյան. Սրանք իսկապես ինձ լավ չեն ճանաչում, ես գալու եմ բոլորիդ հետևից ու դուք հատ առ հատ պատասխան եք տալու

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես փորձում եմ ամեն ինչում միշտ տեսնել իմաստ, բայց մինչև վերջերս չէի կարողանում հասկանալ, թե ինչու է աստվածային նախախնամությունն իշխանության ղեկին թողել Նիկոլին։ Չէ՞ որ դա դեմ է երկրային ու երկնային բոլոր կանոններին։

Այդ ցանկը գլխավորում է կառույց, որը ստեղծված էր երկիրը պաշտպանելու համար, բայց քանդում է պետությունը ներսից. դա ԱԱԾ-ն է։ Իշխանազավթումից հետո ԱԱԾ-ն հետևողականորեն դարձավ Նիկոլի կամակատարը և «գրպանի շունը»։ Բոլոր մնացած գերատեսչությունները փորձում են պահպանել արժանապատվության փշրանքները։

Իսկ ԱԱԾ-ն զբաղված է խայտառակ հանձնարարություններ կատարելով. օգնում է Նիկոլին Լֆիկից փող պոկել, գաղտնալսում է Նաիրա Զոհրաբյանին, ապահովում է Նիկոլի ընտանիքի անվտանգությունն ու բոլոր կապրիզները, սատանա է բռնում, գազի չեկեր է ստուգում… Մի խոսքով անում է ամեն ինչ, բացի իր առաքելությունից։ Իսկ հիմա, ամբողջ իր գործակալական ցանցը գործի դրած, հպարտությամբ հայտարարում է ֆեյքին հայտնաբերելու և նստացնելու հաջող օպերացիայի մասին։ Այդ ընթացքում նույն ֆեյքը ոչ պակաս հպարտ համառությամբ շարունակում է գրել։

Այս ֆեյքի պատմության ամենամեծ զավեշտն ու շոկը գիտեք ո՞րն է։

Մեղադրանքի հիմքեր ու անգամ մոտավոր ապացույցներ չեն կարողանում գտնել։ Բոլորից առգրավված բոլոր տեսակի տեխնիկական միջոցներում բառացիորեն ոչինչ չկա։ Ասեմ ավելին՝ իրենց ներկայացրած խեղկատակությունը բավարար հիմք է հենց ԱԱԾ-ում նստած դատարկ գլուխների դեմ քրեական գործ հարուցելու համար, որոնք պատերազմի օրերին զբաղված են եղել ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելով։ Եվ անգամ դա են տապալել։ Պատկերացնո՞ւմ եք, այն ճակատակագրական օրերին, երբ Հայաստանն ու Արցախը կենաց ու մահի ճակատամարտ էին տալիս, երբ Շուշիի լինելու չլինելու հարցն է, Հայաստանի ազգային անվտանգության ծառաությունը զբաղված էր գաղտնալսելով ու հետևելով այն մարդկանց, որոնք ծառայում են Հայաստանին։

Երեկ երեկոյան էլ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, որի ԱԱԾ գործակալ լինելը նույնքան հանրահայտ «գաղտնիք» է, որքան Քյարամյանի խճճված ծագումը, հեռախոսով հրահանգավորել է Վահագն Մելիքյանին՝ մեկ այլ դատավոր-ԱԱԾ գործակալի և բղավել նրա վրա։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև Վահագն Մելիքյանին էլ երկու տարի առաջ նկարել էին թմրանյութ օգտագործելիս, որից հետո ԱԱԾ-ն նրան հավաքագրել է ու դարձրել դատավոր-խամաճիկ։ Ու երեկ նրա շեֆը՝ ԱԱԾ բազմափորձ գործակալ Արթուր Մկրտչյանը, հրահանգում էր, որ նա պարտավոր է նստացնել երեք երեխաների հայր, անմեղ մարդու։ Ձերբակալել՝ առանց որևէ փաստի միայն այն պատճառով, որ Աբազյանի կնոջը ինչ-որ մեկն անվանել է անբարոյական։ Ես անշուշտ համաձայն չեմ, որ Աբազյանի կինն այդպիսին է։ Նրա կինը նույնիսկ կարեկցանքի է արժանի, որովհետև մենք գիտենք, թե ինչ կարգի վիժվածք է նրա ամուսինը։

Այս միջադեպի կապակցությամբ ես ուզում եմ խոսել դատավոր-գործակալների մասին ու հայտարարել, ցավոք, կրկնելով ծեծված թեզը. մեզ պետք է լյուստրացիա։ Պարտադիր։ Բայց դրանից ավելի՝ մեզ պետք չէ այսպիսի ԱԱԾ։ Այս տեսքով ու անձնակազմով այս ԱԱԾ-ն պետք է փակվի, որպես թշնամական կառույց, որի համար փաստորեն լրիվ միևնույն է, թե ով է նստած իշխանության ղեկին, ով է հրամանատարը և նույնիսկ որ երկրին են ծառայում։ Ասածս անշուշտ չի վերաբերում բոլորին, բայց լյուստրացիայից և քրեական գործերից հետո պարզ պիտի դառնա, թե ով պիտի մնա ծառայելու Հայաստանին՝ նոր կառույցում։

Այսպիսի անողնաշար, անսկզբունք և ազգակործան կառույց դեռ երբեք չի եղել։ Դեռ երբեք որևէ պետական ինստիտուտ չի եղել այսքան վտանգավոր իր ստրկամտությամբ։ Եվ դեռ երբեք այսքան սպա միանգամից մասնակից չի եղել այսքան հանցագործությունների։ Այդ պատճառով շատերը կնստեն։

Բանտում կհայտնվի անչափահաս երեխաների հորը օրենքի խախտմամբ դատող Վահագն Մելիքյանը։ Բանտը սպասում է Արթուր Մկրտչյանին՝ դատաքննություններին միջամտելու համար։ Բանտում է հայտնվելու ԱԱԾ այսօրվա պետը՝ պետական դավաճանության ու քաղաքական հետապնդումների համար։ Բանտից չեն խուսափելու շատերը՝ անկախ նրանից բարիկադի որ կողմում են նրանք այսօր։ Հանցագործությունը վաղեմություն չի ճանաչում։ ԱԱԾ-ականներից շատերը նստելու են, որովհետև նրանք ԱԱԾ սպա չեն։ Նրանք Նիկոլի ստրկամիտ գործակալներն են ու պետական դավաճաններ։ Եվ քննությունը կպարզի նրանցից ով էր կաշառակեր, ով թուլամորթ կամ պարզապես վիժվածքի կամակատար։

Ես հասկանում եմ, որ այս ամբողջ գործընթացի միակ թիրախը ես եմ։ Սա ուղերձ է գնալ Նիկոլի հետ գործակցության և դուրս գալ խաղից։ Ու քանի որ ինքս չեմ վախենում, պետք է վախենամ ընկերներիս համար։ Բայց սրանք իսկապես ինձ լավ չեն ճանաչում։ Ես գալու եմ բոլորիդ հետևից ու դուք հատ առ հատ պատասխան եք տալու՝ երեկվա, այսօրվա ու վաղվա համար»:

Նմանատիպ նյութեր