211652_close_icon
views-count1428 դիտում article-date 10:45 13-02-2021

Ժողովրդական սիրո ճանապարհներն անքննելի են, քանի որ այն իռացիոնալ է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլլերի ամենահայտնի պիեսներից մեկում («Միջադեպ Վիշիում») նացիստական մեկուսարանում են հայտնվում տարբեր խավերի մարդիկ, որոնք պետք է ոստիկաններին «ապացուցեն», որ իրենք հրեա չեն: (Եթե արտապատկերենք ժամանակակից Հայաստանի իրողությունների վրա՝ որ հավատարիմ են «հեղափոխության գաղափարներին»):

Եվ ահա ձերբակալվածներից մեկը՝ գերմանացի ազնվական ֆոն Բերգը, բողոքում է իրեն շրջապատող «սովորական ժողովրդից». «Բոլորը պաշտո՛ւմ են նրան: Նրանք բոլորը ֆաշիստնե՛ր են: Իմ խոհարարը, իմ այգեպանը, իմ անտառապահները, իմ վարորդը՝ բոլորը ֆաշիստնե՛ր են: Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք տարված, ինչպես են խոնարհվում այդ սրիկայի առջեւ, իմ տնային տնտեսուհին նրան երազում է տեսնում, զառանցում է՝ նրա անունը տալով»:

Խոսքը, բնականաբար, Հիտլերի մասին է: Կարծում եմ, որեւէ մեկի մտքով չի անցնի՝ Բեթհովենի եւ Հեգելի ժողովրդին «ժեխ» անվանել:

Ժողովրդական սիրո ճանապարհներն անքննելի են, քանի որ այն իռացիոնալ է, ես առանձնապես իմաստ չեմ տեսնում այդ սիրո դեմ պայքարելու մեջ: Իհարկե, պետք է մարդկանց տեղեկացնել այն մասին, թե ինչ է մեր ազգի եւ պետության հետ տեղի ունեցել, ինչ է կատարվում: Բայց եթե կան քաղաքացիներ, որոնք վստահ են, որ ոչ մի վատ բան չի պատահել, իսկ եթե անգամ պատահել է, ապա դրանում Փաշինյանը ոչ մի մեղք չունի, ապա ես, ճիշտն ասած, իմաստ չեմ տեսնում նրանց տարհամոզելու՝ թող շարունակեն ապրել այդ թմբիրի մեջ: Ստուգել՝ արդյոք Հայաստանի քաղաքացիների մեծամասնությո՞ւնն է տեսիլքների գրկում, հնարավոր չէ. սոցիոլոգիական հարցումների ինստիտուտը Հայաստանում վարկաբեկված է, արդար ընտրություններինը՝ նույնպես:

Բայց երազների հատկություններից մեկն այն է, որ դրանք չեն կարող հավերժ տեւել: Պատերազմում կրած ամոթալի պարտության հետեւանքները մենք մեր վրա կրելու ենք տարիների ընթացքում՝ այդքան երկար ժամանակ հնարավոր չի լինի խոսել «նախկինների» մասին՝ նրանք վաղ թե ուշ կմոռացվեն, կանցնեն պատմության գիրկը:

Ենթադրենք, կան հազարավոր մարդիկ, որոնք չեն հասկանում, որ 2020 թվականի աշնանը մենք կորցրել ենք մեր ինքնիշխանության զգալի մասը, իսկ մեր ազգային արժանապատվությանը ուժգին հարված է ստացել: Կա՛մ չեն հասկանում, կա՛մ էլ այդ հարցերը նրանց չեն հուզում: Բայց երբ նրանք եւս մի քանի ամիս աշխատանք չեն ունենա, աշխատավարձ չեն ստանա, կամ չեն կարողանա իրենց փոքր բիզնեսներն աշխատեցնել, ապա գուցե նրանք գլխի ընկնեն, որ Փաշինյանն այնքան էլ հանճարեղ ղեկավար չէ, ինչպես որ հիմա կարծում են:

Ճիշտ է, շատ հավանական է, որ նրանք իրենց դժգոհությունն արտահայտեն՝ Հայաստանը լքելով, նման վարքագծի նշաններն արդեն իսկ երեւում են: Այսինքն՝ մարդիկ կարթնանան թմբիրից, բայց՝ ոչ Հայաստանում:

Իսկ նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, նախ՝ չպիտի լռեն՝ վախենալով մոլորվածների զայրույթից, երկրորդ՝ ոչ մի պարագայում չմտածեն երկիրը լքելու մասին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր