211652_close_icon
views-count1314 դիտում article-date 09:50 24-04-2015

Երեկվա համերգը նույնպես սիրո արտահայտություն էր՝ փոխադարձ սիրո հայազգի երաժիշտների և հայաստանյան երիտասարդության. Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Հիլբերտ Քիթ Չեսթերթոնը սուրբ Ֆրանցիսկոսի մասին իր ակնարկում մի շատ խորաթափանց դիտարկում է արել. «Մարդը չի գցվի ձյան մեջ հանուն որևէ գաղափարի կամ միտումի, նա սոված չի մնա հանուն վերացական, թեկուզ ամենաճիշտ հասկացությունների: Բայց նա կհաղթահարի սովն ու ցուրտը բոլորովին այլ պատճառով՝ եթե նա սիրահարված է»: Քանի որ խոսքը կաթոլիկ սրբի մասին է, պարզ է, թե՛ որ սերը նկատի ուներ անգլիացի գրողը: Մեր ժողովրդի պատմության ամենադաժան ողբերգության 100-ամյակի տարելիցի օրերին ես մտածում եմ նման սիրո մասին: Իրադարձությունները, կարծես թե, նույնպես զարգանում են այդ ուղղությամբ՝ Վատիկանի պատարագից մինչև «System of a down»-ի համերգ: Դրա սկիզբը դրեց մեկ այլ կաթոլիկ, նույնպես Ֆրանցիսկոս անունով՝ Հոոմի պապը, և անունների կրկնությունը, ինչպես գիտեք, պատահական չէ: Ֆրանցիսկոս պապը խոսում էր Հայոց ցեղասոուանության, նացիզմի և ստալինիզմի, ոչ թե թուրք, գերմանացի կամ խորհրդային ժողովուրդների մասին, և նրա ուղերձի մեջ չկար որևէ թույն կամ ատելություն, հակառակը՝ կար սեր, նախևառաջ՝ ճշմարտության հանդեպ: Երեկվա համերգը նույնպես սիրո արտահայտություն էր՝ փոխադարձ սիրո հայազգի երաժիշտների և հայաստանյան երիտասարդության, որը պատրաստ էր մի քանի ժամ թրջվել անձրևի տակ: Գուցե միտքս տարօրինակ հնչի, բայց ռոք-համերգ լսելու պատրաստ քաղաքացիների այդքան մեծ զանգվածի առկայությունը նույնպես խոսում է մեր՝ հայերիս ներուժի մասին: Որովհետև Թաթուլի երգերի տակ որևէ օբյեկտում քյաբաբ ուտելը, օղի խմելը և դարդ անելը մի բան է, հազարավոր մարդկանցով որակյալ երաժշտություն լսելը՝ մեկ այլ բան»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր