211652_close_icon
views-count53713 դիտում article-date 15:37 08-02-2021

Հպարտ ենք, որ այսուհետ մեր դասապրոցեսն անցկացնելու ենք Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված լեգենդար հերոս Ռոլանդ Սարգսյանի անվան դասասենյակում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում էին հավաքվել Արցախյան վերջին պատերազմի ժամանակ նահատակված, լեգենդ դարձած Ռոլանդ Սարգսյանի հարազատները, ընկերները, համակիրները, դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ․ Սարգսյանն այս դպրոցի շրջանավարտ է եղել, ով վերջին պատերազմի  ժամանակ իր կյանքը զոհել է՝ հանուն Արցախի ու Հայաստանի սահմաններն անառիկ պահելու վեհ գործի, և իր ընկերների հետ նահատակվել է՝ չլքելով իրեն վստահված դիրքը։

Դպրոցն այսուհետ ունենալու է նրա անվան լսարան։ Լսարանի բացումը կատարեցին հերոսի տղան ու աղջիկը։

Լեգենդ դարձած Ռոլանդի ընտանիքի անդամները դասասենյակը հիմնովին վերանորոգել էին։ Պատերին փակցվել են նրա հերոսական անցյալը վավերագրող լուսանկարներ։

Նա, ով գիտակցաբար գնաց մահվան, դեռ Քառօրյա պատերազմի ժամանակ էլ է առաջնագծում եղել։

Միջոցառմանը ելույթով հանդես եկան «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, սիրված պարուսույց, առաջնագծում հայրենի հողը պաշտպանած Գագիկ Գինոսյանը, Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը և նրա զինակից ընկերները։

Միջոցառմանը ներկա դպրոցի սովորողներն էլ ասում էին․

«Դեռ մինչև նահատակվելը, շատ բաներ էինք լսել Ռոլանդի մասին, նույնիսկ նրա կենդանության օրոք հպարտանում էինք, որ սովորում էինք այն դպրոցում, որի շրջանավարտներից մեկն ինքն է։ Հիմա նրա անվան լսարանը մեր դպրոցում դառնալու է հերթական սրբատեղիներից մեկը, քանի որ դպրոցում շատ կան հայ ազգի նվիրյալների անունով լսարաններ։ Ամեն անգամ նրա անվան լսարանը մտնելիս՝ հավատալու ենք, որ գալու է այն օրը, որ Շուշիի բերդաքաղաքում ծածանվելու է նորից եռագույնը, որ Շուշիի համար նահատակված մեր հերոսների սխրագործությունները դառնալու են ուսուցողական պատմություն սերունդների համար»։

Միջոցառմանը իր անակնկալը մատուցեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող Կատարինան ով հերոսի դասընկերն է եղել։ Նրա կողմից Հրազդանցի 28-ամյա Արսեն Պետրոսյանն իր կատարմամբ ներկայացրեց փայլերով դիմանկար, որն այսուհետ մնալու է լեգենդար հերոսի անվան դասասենյակում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 262+
262+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր