211652_close_icon
views-count3842 դիտում article-date 22:34 01-02-2021

«Միգուցե Արծրուն Հովհաննիսյանն ավելի՞ կարևոր էր, իսկ Ջալալն ու Ռուստամը խանգարող էին. չէ՞ որ ազգն Արծրուն էր լսում». Աշոտ Սևյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի ակտից հետո տարածվեց տեղեկություն, որ Արցախի Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Այս լուրից հետո գյուղի բնակիչներն այրել էին իրենց տները գյուղը լքելուց առաջ, սակայն օրեր անց հայտնի դարձավ, որ Չարեքթարը մնալու է հայկական կողմի վերահսկողության ներքո։ Հիմա գյուղում գրեթե չկան տներ, մնացել են ընդամենը մի քանիսը, որտեղ մնում են Չարեքթարի դիրքերը պահող կամավորները, որոնք իրենց ընտանիքներին տեղափոխել են Հայաստան։ Չարեքթարում իր հայրական տունը չայրած ու գյուղի դիրքերը չլքած Աշոտ Սևյանը՝ հայտնի «Չարեքթարի Աշոտը», [url=https://168.am/2021/02/01/1454944.html?fbclid=IwAR3Vkgwsaz7_HLChYKbHRxEtae8pLbAWvDTL7_kx4taorMAClw8mOq5Eyxo]168 TV[/url]-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց, որ, թեև գյուղը մնացել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, սակայն ադբեջանական դիրքերը գտնվում են իր տնից 300 մետր հեռավորության վրա, իսկ ողջ գյուղը գտնվում է թշնամու վերահսողության տակ, ուստի խոսել այս գյուղի բնակեցման մասին՝ հիմա անհնար է։ Ըստ նրա՝ գյուղի տղամարդիկ պահում են գյուղի դիրքերը՝ ամսվա մեջ մի քանի օր կարողանալով անցկացնել իրենց ընտանիքների հետ, մինչդեռ կարող էր իրավիճակն այլ լինել, եթե Չարեքթարի անվտանգությունն ապահովող դիրքերն առանց կրակոցի, պարզապես ժապավենով չհանձնեին Ադրբեջանին։ «Ես եղել եմ մեր բարձունքներում, կրկնում եմ՝ եթե ամբողջ ադրբեջանական բանակն էլ փորձեր Օմարով կամ Մռավով մոտենալ մեր դիրքերին, միևնույն է՝ չէր կարողանալու նվաճել։ Մենք էնպիսի դիրքեր զիջեցինք, էնպիսի դիրքեր… հիմա բարձունքներում ադրբեջանցիներն են։ Բոլորիս համար մեծ անակնկալ էր, որ առանց պատերազմի հանձնեցինք այդ բարձունքները՝ վտանգելով թե՛ Արցախի սահմանները, թե՛ Վարդենիսը, թե՛ Ջերմուկը»,- ասաց ազատամարտիկը՝ նշելով, որ իր համար միանշանակ է, որ այս պատերազմում մենք պարտվել ենք պայմանավորվածության արդյունքում։ «Սա այն բանակը չէր, որը մենք ստեղծել էինք, սա այն ղեկավարությունը չէր, որը մենք ունեինք։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող էին ուղղակի զիջել այդ տարածքները։ Նվիրվեցին։ Դա բացատրում եմ նրանով, որ այն ղեկավարը, որը բանակում չի ծառայել, չի կարող հասկանալ ո՛չ զինվորի, ո՛չ էլ հողի գինը»,- ասաց նա։ Խոսելով զինվորի գինը չիմացող իշխանության մասին՝ Աշոտ Սևյանը նշեց, որ այսօր զինվորը սահման է պահում պատռված վրանում, առանց ձմեռային համապատասխան հանդերձանքի, պետության կողմից որևէ ուշադրության զինվորն այսօր չի արժանանում, ուստի այսօր էլ Արցախից Երևան է եկել զինվորների համար վրաններ հայթայթելու խնդրով։ «Զինվորը քնում է թաց հողի վրա։ Մտածված բանակը տանում են քայքայման, որի նպատակը միգուցե Հայաստանի կործանումն է»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ այսօր Ազգային ժողովում իշխող ուժը նախաձեռնել էր քննարկում՝ նվիրված մեր անվտանգությանը, իսկ քննարկման ընթացքում շեշտվեց, որ ուժեղ բանակ ունենալու համար պետք է նախևառաջ ունենալ ինտելեկտուալ բանակ, արդյո՞ք 90-ականների բանակն ինտելեկտուալ էր, որը կարողացավ հաղթել, Աշոտ Սևյանը պատասխանեց. «Ոչ։ Այն ժամանակ չկար հայաստանցի-արցախցի, ոստիկան-բռնավոր, սև-սպիտակ։ Այն ժամանակ կար գաղափար։ Այս պատերազմում բանակը չի պարտվել։ Մենք բոլորս էլ պատրաստ ենք եղել գնալ, հասնել Շուշի՝ իմանալով, թե ինչ է կատարվում։ Արդեն պատրաստված մեկնում էինք, մեկ էլ հայտարարեցին, թե մի՛ եկեք՝ Շուշին ընկել է, դա ամսի 9-ի լուսաբացն էր։ Սա նախատեսված, պլանավորված էր, ու ոչ մի պետական կառույց չէր աշխատում։ Ես այս պատերազմին նայելով՝ կարող եմ ասել, որ 100 տոկոսով պլանավորված՝ տարածքները զիջվեցինք, պարզապես նախատեսված էր բլից-կրիգով դա անել, բայց շնորհիվ մեր տղաների հերոսության՝ 44 օր ձգվեց։ Հայաստանից չէին թույլատրում մարդկանց գալ Արցախ։ Հայաստանից դեպի Շահումյան եկողներին Զոդի պոստում իջեցնում էին ու ասում՝ ետ գնացեք, Զինվորական գրքույկով եկեք, իսկ դրա նպատակն այն էր, որ Հայաստանից Արցախ չգնային օգնության։ Ես մասնակցել եմ 2016 թվականի պատերազմին և տեսել եմ, թե ինչպես 4 ժամ անց Հայաստանից ինչ օգնություն եկավ Արցախ՝ թե՛ զինվորական, թե՛ տեխնիկան, իսկ 44 օրվա այս պատերազմի ընթացքում ոչ մի օգնություն Հայաստանից չի հասել Արցախ, եկել է 7 մեքենա, որը խփվել է, ու վերջ, իսկ այս ամենի պատասխանները պետք է տան այս դասալիք իշխանությունները»,- ասաց ազատամարտիկը։ Անդրադառնալով դավաճանության մասին տարատեսակ խոսակցություններին, ինչպես նաև «Սև Հովազ» ջոկատի հրամանատարի և Ջալալ Հարությունյանի հետ տեղի ունեցածին ու Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե հետախուզությունն իրեն զգուշացրել է, որ իրեն ուզում են խփել, Աշոտ Սևյանին հարցրեցինք, ինքն ունի հարցի պատասխանը, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ Հովհաննիսյանին հետախուզությունը տեղեկացրել է, և նա կարողացել է չխփվել, իսկ Ջալալ Հարությունյանին ու Ռուստամ Գասպարյանին ու նրա որդուն դա չհաջողվեց, Աշոտ Սևյանը պատասխանեց. «Միգուցե Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա դասալիքների համար ավելի՞ կարևոր է. Ջալալը և Ռուստամը խանգարող էին, իսկ Արծրունն իրենց ավելի էր պետք, չէ՞ որ ամբողջ ազգն Արծրուն էր լսում, թեև չգիտենք, թե այդ մարդն այդ խփված տանկերը որտեղից և ինչպես էր հաշվում»։ Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր