211652_close_icon
views-count2639 դիտում article-date 21:14 22-01-2021

Ֆրանսիացի մասնագետները Գյումրիում հետազոտել են արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ

[url=https://www.shantnews.am/news/view/841452.html]Shantnews.am[/url]-ը գրում է. Ֆրանսիացի բժիշկները նեղ մասնագիտական բուժօգնություն են տրամադրում արցախյան երկրորդ պատերազմում բարդ վիրավորումներ ստացած զինծառայողներին ու կամավորականներին: Կինեզոթերապևտ Միշել Բութան և օրթեզների մասնագետ Էդգար Միքայելյանը Գյումրիում զննել, բուժօգնություն են ցուցաբերել վերին վերջույթների բեկորային ու այրվածքային վիրավորումներով վերականգնողական բուժման մեջ գտնվող զինծառայողներին։ Վիրավոր զինծառայողների վնասվածքները հետազոտելուց հետո ֆիզիոթերապևտ, օրթեզի մասնագետ, ֆրանսահայ Էդգար Միքայելյանը վնասված վերջույթները Ֆիքսելու համար հատուկ նյութից տեղում սպլինտ պատրաստեց: «Ես երբեք չեմ տեսել էսպիսի վիրավոր ձեռքեր, ես երբեք պատերազմի ժամանակ չեմ աշխատել։ 18-19 տարեկան ջահել երեխաների մոտ շատ լուրջ վնասվածքներ կան, պատերազմի ընթացքում ստացած վիրավորումները շատ խորն են»,- ասում է օրթեզի մասնագետ Էդգար Միքայելյանը։ Կինեզոթերապևտ Միշել Բութանն ինքն է ցանկություն հայտնել գալ Հայաստան ու օգնել հայրենիքի պաշտպաններին: Մասնագիտացած է վերին վերջույթների հատվածում առկա վնասվածքները մերսումներով բուժելու մեթոդներին: «Ձեռքերի վիրավորումները պատերազմների ընթացքում ամենաշատն են հանդիպում, դրանք հետագայում զինվորների համար խնդիրներ են ստեղծում: Հայ մասնագետները շատ լավ են աշխատել, բարձրակարգ վիրահատություններ են կատարել, միայն կցանկանայի, որ վերականգնողական բուժումը սկսվեր վիրահատություններից ամիջապես հետո, որպեսզի ձեռքերի ֆունկցիաները ավելի շուտ վերականգնվեին, կարծում եմ՝ ուշացումը պայմանավորված էր պատերազմի երկար ընթացքով»,-նշում է ֆրանսիացի բժիշկը ։ Մասնագետները նշում են՝ այս պատերազմի հետևանքով վնասվածքները տարբերվող են ու բազմաբեկորային, ինչը հիմնականում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ է պայմանավորված։Բժիշկներն առանձնացնում են վնասվածքների մի քանի տեսակներ,որոնց բուժումն ու վերականգնումը պահանջում է երկար ժամանակ: «Ամենամեծ վնասվածքներն այրվածքներն են, շատ-շատ են հանդիպում ու հիմնականում երկու ձեռքերին։ Հաջորդ ամենատարածված վիրավորումները խորը կտրվածքներն են, ինչի հետևանքով նյարդեր են կտրվում ու այդ կտրվածքները շատ վերև են տեղակայված։Նյարդերի վերականգնումը դժվարանում է ու երկար ժամանակ է պահանջում»,-նշում է ֆրանսահայ բժիշկը։ Պատերազմի ժամանակ արագ բուժօգնություն կազմակերպելու և կյանքեր փրկելու համար բժիշկները շատ դեպքերում չեն հասցրել վիրավորների մարմիններից փոքր բեկորները հեռացնել: Ըստ մասնագետների դրանք երբեմն վտանգավոր չեն լինում և այդպես տարիներով մնում են մարմնի մեջ, բայց վերին վերջույթներում կան այնպիսի հատվածներ, որտեղ մխրճված բեկորները խանգարում են ֆունկցիաների բնականոն ընթացքին և վտանգում են մարդու կյանքը: Ֆրանսիայից ժամանած մասնագետները Հայաստանում կմնան ևս 10 օր: Հաջորդ այցը ծրագրել են գարնանը՝ մասնագետների մեծ խմբով և երկար ժամանակով կմնան Հայաստանում։ Այցելելու են Արցախ և Հայաստանի մյուս մարզեր պատերազմում վիրավորում ստացած ավելի շատ անձանց ցուցաբերելու համար ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր