211652_close_icon
views-count2003 դիտում article-date 19:03 07-01-2021

Անգամ նոյեմբերի 9-ի ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո գերիների վերադարձի իրավունքն անտեսվում է. իրավապաշտպան

Ադրբեջանը ակնհայտորեն միայն տարածքային հարցերում չէ, որ շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը։ Անգամ նոյեմբերի 9-ի ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո գերիների վերադարձի իրավունքն է անտեսվում։ Միջազգային կոնվենցիոնալ և սովորութային նորմերով ամրագրված է, որ ակտիվ հակամարտության դադարումից և խաղաղության հաստատումից հետո գերեվարված անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն և վերադառնան հայրենիք, եթե ոչ, ապա գործ ունենք կամայական ազատազրկումների և պատանդառության հետ, որոնք հանդիսանում են Ժնևյան կոնվենցիայով էական խախտումներ և որակվում են պատերազմական հանցագործություններ։ Այս պայմաններում չի ապահովվել ռազմագերինի անհապաղ ազատ արձակումը, ինչը, ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի, ունի քաղաքական պատճառներ։ Սահակյանի խոսքով, պետք է ներդրվեին ստուգողական մեխանիզմներ, օրինակ՝ չեզոք պետությունների կամ Կարմիր խաչի ներայացուցիչները պետք է կարողանային ուսումնասիրել ցուցակը և անարգել մուտք գործել այն վայրերը, որտեղ գտնվում են գերիները, հավաստիանալ, վերիֆիկացնել, և նոր տեղի ունենար բուն փոխանակման գործընթացը։ Այս ամենի բացակայության արդյունքում, Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ, Ադրբեջանի կողմից բախվում ենք ակնհայտ անբարեխղճության։ Որպես օրինակ իրավապաշտպանը ներկայացնում է ռազմագերի Էրիկ Խաչատրյանի և նրա խմբի մասնակցությամբ 6-7- դրվագանոց տեսանյութերը։ Սահակյանն ասում է, որ անգամ իրավական գործընթացներում ադրբեջանական կողմը չի վիճարկում այդ կադրերի կեղծ լինելը, բայց անգամ այսպիսի դեպքերում մերժում է այս անձանց գերեվարման հանգամանքը։ Հերքվում է ակնհայտը, հետևաբար, ըստ բանախոսի, պետք է ստեղծվեին ապահովության մեխանիզմներ։ Ըստ իրավապաշտպանի՝ ունենք մի իրավիճակ, երբ միջազգային իրավունքով պաշտպանության տակ գտնվող հայ ռազմագերիները չեն օգտվում միջազգային պաշտպանությունից, բայց միջազգային պաշտպանությունից դուրս գտնվող հանցագործները հայտնվում են միջազգային իրավական պաշտպանության ներքո, որը վերաբերելի չի եղել այդ խմբերին։ Ադրբեջանը ստվերում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դերը։ Իրավապաշտպանները պարզել են, որ մինչև գերիների վերադարձն էլ շատերը տեսակցություններ չեն ունեցել Կարմիր խաչի ներկայացուցիչների կողմից, քանի որ ադրբեջանական կողմը կառուցողական չի մոտենում միջազգային կառույցների աշխատանքին։ Հաջորդ խնդիրը գերեվարման՝ պաշտոնապես չհաստատված դեպքերն են և անգամ հաստատված գերիներին հանցագործ ներկայացնելու Ադրբեջանի նկրտումները։

Նմանատիպ նյութեր