1576 դիտում
22:48 27-12-2020
Կարեն Վրթանեսյան. Երբ ասում էի, որ Նիկոլն ավիրում է պետական համակարգը, ասում էիք. «Ոչինչ, երիտասարդ են, կսովորեն»
Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
<Երբ արդեն կայացած մասնագետը նոր աշխատանքի է ընդունվում, կամ նույն հիմնարկի ներսում թիմը փոխում նոր հանձնարարություն կատարելու համար, ապա մոտ 1 ամիս է պետք, որ ադապտացվի նոր տեղին, սկսի արդյունավետ աշխատել։ Դա նվազագույն ժամանակն է, որը պետք է գոնե կարևոր դետալները յուրացնելու, ընդհանուր պատկերը հասկանալու, նոր թիմի այլ անդամների հետ սահուն հաղորդակցումը կառուցելու համար։
Ուշադրություն դարձրեք. խոսքս արդեն կայացած մասնագետների, այլ ոչ թե տվյալ մասնագիտությունը նոր-նոր յուրացնողների մասին է։
Իսկ եթե դիտարկենք գոնե 15–20-հոգանոց թիմի ղեկավարի դեպքը, ապա բացի կոնկրետ պրոյեկտի, ծրագրի, աշխատակարգի նրբություններին տիրապետելուց նա պետք է նաև հղկի հաղորդակցումը և՛ իր թիմի հետ, և՛ իր ղեկավարության հետ, և՛ նույն հիմնարկում աշխատող այլ թիմերի ղեկավարների, կախված գործի բնույթից՝ նաև հաճախորդների հետ։
Եթե խոսքը 50–60 հոգանոց թիմի մասին է՝ է՛լ ավելի շատ ժամանակ է պահանջվում և այնպես չէ, որ բոլորի մոտ ի վերջո ստացվում է նորմալ աշխատելը։
Միջին չափի նախարարության կամ մեծ ՊՈԱԿ-ի ղեկավարության մակարդակով «ռելսերի վրա» լիարժեք կանգնելը, կարծում եմ, 3–4 ամիս է առնվազն։
ՊՆ, ԳՇ, ՊԲ, ԱԱԾ, ոստիկանություն, ԱԳՆ տիպի բարդ տեղերում 6–12 ամիս է «մուտքի շրջանը» բարձր ղեկավարության համար։
Իսկ հիմա՝ փաստ. իշխանություն ստանալուց մինչև այս տարվա սեպտեմբերի 27-ը ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը իր իսկ նշանակած 57 փոխնախարար է հեռացրել։
57 (!!!) փոխնախարար 29 ամսում, որոնց պաշտոնավարման միջին ժամանակը մոտ 11 ամիս է եղել։
Հաշվի առնենք, որ այդ մարդկանց մեծ մասը մասնագետ չէին և/կամ ղեկավար բարձր պաշտոններ նախկինում երբեք չէին զբաղեցրել։ Նշանակում է, որ իրենց ադապտացիոն շրջանը վերևում իմ նշած ժամկետներից շատ ավելի մեծ պետք է լիներ, որովհետև մեծ մասը և՛ նոր ոլորոտներ պիտի սովորեին, և՛ ղեկավարի մասնագիտությունը։
Եւ սա չհաշված ավելի ցածր մակարդակներում ցնցումները՝ խորհրդականներ, դեսպաններ, վարչությունների և ՊՈԱԿ-ների պետեր, բաժինների պետեր, և այլն, և այլն։
Սա չհաշված նախընտրական ու հետընտրական ցնցումներով լի շրջանները (հիշո՞ւմ եք, որ 40 օր չէին կարողանում կառավարության կազմը որոշել, հետո էլ ամիսներով փոխնախարարների տեղերը թափուր էին), չհաշված նաև այն, որ մարդիկ ամիսներով ժամանակավոր պաշտոնակատարներ էին մնում և այլն, և այլն։
Երբ ասում էի, որ Նիկոլն ավիրում է պետական համակարգը, ասում էիք. «Ոչինչ, երիտասարդ են, կսովորեն»։ Այս թվերը ցույց են տալիս, որ այդ մարդիկ ուղղակի չեն աշխատել։ Չեն հասցրել աշխատել։ Լավագույն դեպքում հասցրել են մի քիչ «բզբզալ»։
Այ հենց այսպես էլ Նիկոլը քանդել է պետական համակարգը մինչև (!) սեպտեմբերի 27-ը։
Իսկ պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո այս ցնցումները ոչ միայն ավելի հաճախակի և ավելի ուժեղ են դարձել, այլև միտում ունեն շարունակվելու և արագանալու։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1006 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1258 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ