211652_close_icon
views-count2294 դիտում article-date 11:56 23-12-2020

Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ֆրանսիայի Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի նիստին ներկայացրել է բանաձև Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ: Հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը: Նշվում է, որ առողջապահական, տնտեսական և սոցիալական աննախադեպ ճգնաժամի առջև կանգնած աշխարհը 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ քսանհինգ տարվա ապարդյուն դիվանագիտական ջանքերից հետո, ականատես եղավ Արցախի տարածքում հակամարտության կտրուկ վերսկսմանը: Թուրքական և ջիհադիստական ուժերի աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակի և արյան հեղեղ թափվեց այս տարածքի վրա, որը հանդիսանում է քրիստոնեության բնօրրանը, պատմական Հայաստանի արևելյան հատվածի մի մասը և հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: Մի կողմից հայերի և մյուս կողմից ադրբեջանցիների, թուրքերի և ջիհադիստների միջև վեց շաբաթ տևած անխնա բախումներից հետո Երևանը ստիպված եղավ համաձայնվել ստորագրել 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը Ռուսաստանի միջնորդությամբ: Այնուամենայնիվ, խնդրին լուծում չի տրվել: Ինչպես այդ մասին խոստովանել է նաև Ֆրանսիան, համաձայնագիրը ոչ մի կերպ չի լուծում Արցախի կարգավիճակի հարցը: Մարտերից փախած 120 000 հայ փախստականներին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ իրենց տներ: Թուրքիայի կողմից ուղարկված սիրիացի 2000 վարձկանները պետք է անհապաղ լքեն տարածաշրջանը: Բացի այդ, հարցականներ են մնում Հայաստանի տարածքային ամբողջականության և պետության ինքնիշխանության վերաբերյալ` պայմանավորված Ադրբեջանին և Նախիջևանի ինքնավար մարզին կապող ճանապարհային միջանցքով: «Աշխարհի բոլոր հայերի համար նման ագրեսիայի դրսևորումները, քաղաքացիական խաղաղ բնակչության թիրախավորումը, էթնիկ և կրոնական զտումների իրականացումը արթնացնում են 1915 թ.-ի ցեղասպանության սարսափելի հուշերը: 1920-ական թվականներին Իսի-լե-Մուլինո քաղաքը իր դռները բացեց բազմաթիվ հայ փախստականների առջև և այդպիսով ստեղծվեց Իլ-դը-Ֆրանսում ամենամեծ համայնքներից մեկը: Հետևաբար, Իսի-լե-Մուլինոյի ինքնությունն ու պատմությունը մեկ դար շարունակ անքակտելի են եղել հայոց հարցից: Իսի-լե-Մուլինոյի ներկան և ապագան միշտ կապված են Հայաստանի հետ, ինչի մասին վկայում են մասնավորապես բարեկական հարաբերությունները և համագործակցության ծրագրերը, որոնք ավելի քան 30 տարի կապում են Իսի-լե-Մուլինոն իր հայկական քույր քաղաք Էջմիածին: Հետևաբար, անսասանորեն հավատարիմ իր արժեքներին՝ ժողովրդավարությանը, համերաշխությանը, պատասխանատվության ոգուն, և առերեսվելով 1915 թ.-ի ցեղասպանության պատասխանատու և միևնույն ժամանակ դա մինչ օրս ժխտող Թուրքիայի ակտիվացմանը Կովկասում, Իսի-լե-Մուլինոյի քաղաքային իշխանությունները հրավիրում են կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը»,-ասված է բանաձևում: Նշվում է, որ Արցախի ճանաչումը նպատակ ունի հաստատել կայուն խաղաղություն, քանզի այլևս տապալվել է Ֆրանսիայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի պաշտպանած անկողմնակալության պահանջը: Սենատը դա լավ հասկացավ, քանի որ սույն թվականի նոյեմբերի 25-ին դարձավ առաջին արևմտյան խորհրդարանական մարմինը, որը ճանաչեց ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը: Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը նաև կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը տրամադրել զանգվածային մարդասիրական օգնություն, պահանջել միջազգային հետաքննության իրականացում պատերազմական հանցագործությունների վերաբերյալ և հաստատում է տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունը: «Այս ամենից ելնելով, որպեսզի Արցախի և Հայաստանի հայերը ազատ ու խաղաղ ապրեն իրենց պապենական հողերում, Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը կոչ է անում, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝որպես իր բնակչության անվտանգություն և տարածաշրջանային ու միջազգային կայունության երաշխիք: Քաղաքային խորհուրդը, հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգիրքը և մասնավորապես Լ. 2121-29 հոդվածը, հիմք ընդունելով քաղաքային խորհրդի ներքին կանոնակարգը և մասնավորապես 9-րդ հոդվածը, սույն զեկույցը լսելուց և այն քննարկելուց հետո, ընդունում է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) ճանաչման բանաձեւ, որոշում է ծանուցել սույն բանաձեւի մասին Էջմիածնի քաղաքապետ տիկին Դիանա Գասպարյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ պրն Հովհաննես Գևորգյանին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պրն Ջոնաթան Լաքոթին»,-ասված է բանաձևում:

Նմանատիպ նյութեր