59311 դիտում
22:17 12-12-2020
Մահվան ելքով վրաերթ Հյուսիսային ավտոկայանի մոտ. Opel-ը վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին, վերջինս էլ շպրտվել և բախվել է Mazda-ին. հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, Հրազդան քաղաքի բնակիչ Մարտիրոս Մ.-ն՝ իր վարած Opel մակնիշի ավտոմքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 27-ամյա Մովսես Ջ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը հարվածի արդյունքում շպրտվել և բախվել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ Լիանա Ա.-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Վիրավորին առաջինը օգնության են հասել Opel-ի և Mazda-ի վարորդները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրում հետաքննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Փաստի առթիվ հետաքննիչ Ժ. Մարգարյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+