Մահվան ելքով վրաերթ–ավտովթար Երևանում. 23–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել Renault-ին. հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ-ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ալեքս Սաղյանը իր վարած Opel մակնիշի 36 OD 331 համարանիշի  ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 11 հասցեի մոտ՝  հետիոտնի  համար նախատեսված վերգետնյա  անցումի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Մարգարյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Ա. Սաղյանը բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Աղաբեկյանի վարած Renault մակնիշի 188 AG 61 համարանիշի ավտոմեքենային:
Opel-ի վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել  Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 
Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:
Մինչ տեղում հետաքննիչը աշխատանքներ էր կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է:
Այդ տեղեկությունը Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Վանյանի, բաժանմունքի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Գալստյանի գլխավորությամբ: 
Փաստի առթիվ Գալստյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է  քրեական գործ:
 Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:
Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ֆոտոլրագրողը  հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցը անցել է չթույլատրելի  հատվածով, մինչդեռ վրաերթի վայրից 1-2 մետր հեռավորության  վրա գտնվում է վերգետյա անցումը ու եղանակը անձրևային է եղել և Opel-ի  վարորդը վերջին պահին է նկատել հետիոտնին, փորձել է խույս տալ,  սակայն չի կարողացել և վրաերթի է ենթարկել նրան,  ապա բախվել Renault-ին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


