Վրաստանի նախագահը կոչ է արել «Կովկասյան հարթակ» ստեղծել Ռուսաստանի հետ երկխոսության համար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ելույթ ունենալով Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստում, կոչ է արել ստեղծել տարածաշրջանային նոր ձևաչափ՝ «Կովկասյան հարթակ», գրում է [url=https://vz.ru/news/2020/12/11/1075240.html?fbclid=IwAR3aMXOYNEnbn-umkprMIQqycAH0phoMG-sWBG5ulCQixKocnp2S5pwF9bk]vz.ru[/url]-ն։
Նախագահը, մասնավորապես, նշել է․ «Մեզ նոր մոտեցում է պետք՝ հաշվի առնելով այն փաստը, թե ովքեր են Կովկասում մեր հարևանները, ինչպես նաև նոր իրողությունները: Անհրաժեշտ է, որ Վրաստանը վերականգնի իր միավորող, պատմական դերը տարածաշրջանում»։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ պետք է մտածել «Կովկասյան հարթակի» մասին, որը կմիավորի Կովկասի երկրներին, արտաքին դերակատարներին և միջազգային կազմակերպություններին։
Իր ելույթի ընթացքում Սալոմե Զուրաբիշվիլին առանձին մեկնաբանել է նաև «գրավյալ տարածքների» հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների հարցը։ Նշենք՝ Թբիլիսին նման ձևակերպմամբ է բնորոշում Աբխազիային և Հարավային Օսիային 2008թ․-ի պատերազմից հետո:
Այս առնչությամբ նա ասել է․ «Երկխոսություն չի նշանակում ինչ-որ բանի ճանաչում: Բանակցություն չի նշանակում տեղի տալ: Իսկ դիվանագիտությունից հրաժարվելը նշանակում է բոլոր լծակների կորուստ և սառեցում », ու հավելել․ «Երկխոսությունն ունի իր ձևաչափը, և այս ուղղությամբ մեր գործընկերների աջակցության կարիքը ունենք»։