3554 դիտում
23:40 29-01-2021
Կովկասյան հովազի մինչ այժմ չնկարահանված առանձնյակ է ֆիքսվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կովկասյան հովազի /Առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ մինչ այժմ չնկարահանված առանձնյակ է ֆիքսվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում տեղադրված թակարդ-տեսախցիկների միջոցով։ 2013թ․-ից սկսած, ինչ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործունեություն է իրականացնում նշված տարածքում, սա հովազի 4-րդ առանձնյակն է, որը նկարահանվել է հիմնադրամի տեսախցիկների միջոցով:
Այս առանձնյակի նկարահանումը կարող է շատ ավելի կարևոր ձեռքբերման մասին վկայել։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավանական է հովազը լինի էգ, ոչ թե՝ արու, ինչը շատ մեծ առաջընթաց կլինի տարիներ շարունակ իրականացվող պահպանության գործում։ Այս հավանականության իրական լինելը պարզելու համար անհրաժեշտ է իրականացնել հավելյալ ուսումնասիրություններ, սակայն առանձնյակի էգ լինելու հավանականությունը մեծ հնարավորություններ է ստեղծում կենդանիների հետագա բազմացման և սերունդ տալու ուղղությամբ, ինչը կլինի կարևորագույն ձեռքբերում Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է․ «Եթե հաստատվի էգ առանձնյակի առկայությունը, կնշանակի, որ հովազների սերունդ տալու հույսը շատ մեծ է։ Հովազի առողջ բազմացող զույգի առկայությունը տեսակի գոյատևման գործում կարող է անկյունաքարային հանգամանք հանդիսանալ»։
Ի դեպ, նման զարգացումը շատ հավանական է։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ մեկ ամսվա կտրվածքով նոր առանձյակը ֆիքսվել է նույն տարածքում, ինչ հայտնի Նեո անունով արու հովազը։ Իրականում քիչ հավանական է, որ երկու արու առանձնյակները կարող են միմյանց այդքան մոտ գտնվել այդքան երկար ժամանակ։ Նեո անունով և նոր նկարահանված հովազները երիտասարդ առանձնյակներ են, ինչը նրանց բազմանալու հավանականությունը դարձնում է առավել հավանական։
Նկարահանված նոր առանձնյակի սեռը հաստատելուց հետո, նրա ներկայությունը տարածքում ավելի նշանակալի կդառնա։ Վերջին անգամ էգ առանձնյակ արձանագրվել է Խոսրովի անտառի տարածքում, երբ ՀՀ-ն դեռ Խորհրդային իշխանության ներքո էր։
Անկախ նոր հայտնաբերված առանձյակի սեռից, արդեն իսկ աննախադեպ է նույն՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում, երկու հովազի առկայությունը։ Այս հանգամանքն ապացուցում, որ FPWC կողմից մասնավոր կերպով պահպանվող տարածքում արվում է ամեն հնարավորը տարածքն անվտանգ դարձնելու համար, ինչի արդյունավետությունն ակնհայտ է։
Նշենք, որ Խորհրդային տարիներին կովկասյան հովազը ենթարկվել է հետապնդումների և պահպանության ներքո է վերցվել միայն 1987 թվականին։ Այդ ժամանակաշրջանից հետո, անկախ որսի արգելքից, հովազի պոպուլյացիան շարունակվել է կրճատվել։ Վերջին ցավալի իրադարձությունների ֆոնին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նշանակությունն ավելի է արժևորվել, քանի որ այն բնության մասնիկների համար ապահովում է անվտանգ կենսամիջավայր, որտեղ կարելի է պաշտպանված լինել։ Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ շատ ցավալի էր հետևել, թե ինչպես են պատերազմի ընթացքում վերացվում կարևորագույն էկո-համակարգերը, սակայն բարեբախտաբար CWR տարածքները հաջողվել է պահպանել։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի գործունեության շարունակման մեջ անգնահատելի է նաև մեր գործընկերների աջակցությունը, որոնք են «World Land Trust», «Վիվա-ՄՏՍ», «ARTIS Amsterdam Royal Zoo», «IUCN NL» կազմակերպությունները։ Նրանց աջակցության շնորհիվ է նաև, որ այսօր մենք հույս ունենք Հայաստանում հովազի բազմացող զույգ ունենալ։
Հիշեցնենք, որ կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։
ՀՀ ԿԳ տվյալների համաձայն՝ բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ-իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1902 դիտում
12:50 30-01-2021
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում նկարահանվել է նոր կովկասյան հովազ
3462 դիտում
13:02 01-10-2019
Թաքնված տեսախցիկները կրկին կովկասյան հովազի են ֆիքսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1421 դիտում
18:17 22-12-2022
Թակարդ-տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են Նեո հովազին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1153 դիտում
15:53 02-12-2024
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը
2404 դիտում
15:39 02-12-2024
Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը
676 դիտում
15:27 02-12-2024
ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ևս ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում