2585 դիտում
19:33 06-12-2020
Արմեն Սարգսյան. Կառավարությունը պետք է թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով ծախսերի վերաբերյալ
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։
Պատերազմի ծանր օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձևով փոխանցվել է ՀՀ կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով:
Նախագահ Սարգսյանն ի սկզբանե այն կարծիքին է եղել և այսօր էլ այդ կարծիքին է, որ կառավարությանը փոխանցված գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով: Սակայն ստեղծված բարդ իրավիճակում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունն այլ որոշում է ընդունել:
Հաշվի առնելով հարցի շուրջ աճող հանրային հետաքրքրությունը՝ նախագահ Սարգսյանը պարզաբանումներ ներկայացնելու առաջարկությամբ նոյեմբերի 26-ին նամակով դիմել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին.
«Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, խորապես մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների ու բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշակի անվստահություն և դժգոհություններ են առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ: Այդ մասին մեր հայրենակիցները բարձրաձայնել են նաև մամուլում: Հիշյալ փաստը նաև շահարկումների առիթ է դարձել, նվիրատուները իրենց վստահությունը չարաշելու վերաբերյալ կասկածներ ունեն: Այս ամենի արդյունքում կարող է վտանգվել ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը, այնպես էլ հետագա ծրագրերի համար գումարների հանգանակումն ու նվիրաբերումը»:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է ձեռնարկել հրատապ քայլեր, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը կառավարության և հիմնադրամի հանդեպ: Բացի այդ, առկա է ընդհանրապես համահայկական միասնության գաղափարի վարկաբեկման վտանգ, գաղափար, որը մինչ այժմ ապահովել է հիմնադրամի գործունեությունը:
Հետևաբար, ըստ նախագահի, կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ, ընդ որում, դա պետք է կատարվի առավելագույնս հրապարակային:
Միաժամանակ, պետք է շտապ միջազգային աուդիտ անցկացվի, հանրությանը և հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ որպես հիմնադրամի հիմնական ու հավատարիմ նվիրատուների, սպառիչ տեղեկություն տրամադրվի «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հանգանակած միջոցների և դրանց նպատակային կառավարման վերաբերյալ:
Միջազգային աուդիտի բացասական եզրակացության դեպքում, կամ եթե աուդիտի արդյունքները չեն բավարարում հոգաբարձուներին կամ նվիրատուներին, կառավարությանը նվիրատվության ձևով փոխանցված 52,703,113,395 ՀՀ դրամ գումարը պետք է վերաձևակերպել որպես պարտք՝ փոխառության ձևով, հետագայում այն «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամբողջովին վերադարձնելու պայմանով:
«Հասկանալով այն բարդ իրավիճակը, որում ներկայումս գտնվում է մեր երկիրը, միևնույն ժամանակ, անընդունելի եմ համարում առկա տարաբնույթ ճգնաժամերին ավելացնել նաև վստահության ճգնաժամը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ:
Կառավարությանը փոխանցված միջոցների վերադարձը «Հայաստան» համահայկական հիմնադրամին կարող է փոխել իրավիճակը և հիմնադրամի հանդեպ վստահության վերականգնման երաշխիք դառնալ: Գումարի վերադարձը հիմնադրամի բյուջե հնարավորություն կստեղծի, որ հոգաբարձուների խորհուրդն ինքը, հաշվի առնելով նաև հոգաբարձուների և նվիրատուների կարծիքն ու առաջարկությունները, որոշի ծախսերի ուղղություններն՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով Արցախի ղեկավարության և ՀՀ կառավարության հետ»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ ակնկալելով նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների կարծիքը խնդրի վերաբերյալ:
Հիմնադրամը պետք է լինի բացարձակապես ապաքաղաքական կառույց՝ զերծ անգամ ամենաչնչին կասկածներից:
Նմանատիպ նյութեր
1742 դիտում
09:56 11-03-2014
Աղվան Հովսեփյանը պետք է հաշվետվություն ներկայացնի իր նախկին տեղակալի՞ն․ Ժողովուրդ
1657 դիտում
12:40 27-01-2021
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի հաղթահարման ծախսերի հաշվետվություն
4173 դիտում
15:26 20-12-2018
Վարչապետի տիկինը հաշվետվություն է ներկայացնում, թե ինչ միջոցներով է այցելել Ժնեւ
Այս բաժնից
1612 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ