211652_close_icon
views-count1649 դիտում article-date 20:07 02-12-2020

Հանրային խորհրդի նախագահը նամակ է հղել ԵԱՀԿ ՄԽ անդամ-պետությունների դեսպաններին

Հանրային խորհրդի նախագահը նամակ հղել ԵԱՀԿ ՄԽ անդամ-պետությունների դեսպաններին, որը վերաբերում է Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հանրային խորհրդի մտահոգություններին և միջազգային հանրությանն ուղղված համապատասխան գործողության առաջարկներին. [b]Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոթին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Լին Թրեյսիին, Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Իգոր Նազարուկին, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. դոկ. Միխայել Յոհաննես Բանցհաֆին, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո դել Մոնակոյին, Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Արյա Ինկերի Մակոնենին, Հաաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․պրն. Սվենսոն Պատրիկին. [/b] Մեծարգո՛ դեսպաններ, Ողջունելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց ղեկավարների մակարդակով խստորեն դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի գործադրումը, միևնույն ժամանակ ցավում ենք, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիոն պատերազմ նախաձեռնողի անունը մինչ այժմ երբեք չի ցուցանվել: Մինչդեռ Ադրբեջանը, որը 1990թ. ի վեր այդպիսի երրորդ ագրեսիայի նախաձեռնողն է, նույնիսկ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո շարունակում է նոր ռազմական հանցագործությունները՝ անտեսելով բոլոր միջազգային նորմերն ու պարտավորությունները: Սույն թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական ու զոհված անձանց փոխանակմանը: Հիշյալ հայտարարության մեջ մեր հայրենակիցների ապահով փոխանակումն իրականացնելու հստակ ժամկետ նշված չէ: Ադրբեջանը շարունակաբար խախտում է զինադադարի պահանջները, ձգձգում է ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձն ապահովելու գործընթացը՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով անմարդկային վերաբերմունք: Խնդրում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել ու ճնշում գործադրել և խնդրին հրատապ լուծում տալ: Հրադադարի ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատեսն է հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող, խտրական վերաբերմունքի դրսևորումներին։ Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններ ու լուսանկարներ: Խստորեն դատապարտելի է Արցախի քաղաքացիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների նվաստացուցիչ վերաբերմունքը՝ պայմանավորված բացառապես նրանց հայկական էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաև ադրբեջանական հասարակության կողմից դրա փառաբանումը պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է: Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, հակասում են համամարդկային արժեքներին և պետք է խստագույնս դատապարտվեն։ Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործությունները կանխելու՝ միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է ստեղծում ադրբեջանական կողմի համար՝ առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագություններն Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ կոչ ենք անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքել նման դեպքերին և կանխարգելել հետագա հնարավոր ոճրագործությունները: Խնդրում ենք Ձեզ ջանքեր գործադրել արցախա-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղին առնչվող խորհրդաժողովով համանախագահների համար հաստատված մանդատը, ի թիվս այլոց, նախատեսում է «հակամարտության կողմերի հետ աշխատել վստահության ամրապնդման միջոցների մշակման ուղղությամբ, ի մասնավորի, հումանիտար ոլորտում` դրանք համաժամանցելով քաղաքական գործընթացներին»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունեցին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որի պայմանները պատշաճ կերպով չեն իրականացվում Ադրբեջանի կողմից, մինչդեռ հայկական կողմը սահմանած ժամկետներում իր զինված ուժերը դուրս է բերում բոլոր տարածքներից: Իսկ հայ հասարակությունը մտահոգված է, թե ինչու տարածքների հետ կապված պարտավորությունը պետք է կատարվի հստակ ժամկետներում, մինչդեռ մեկ այլ պարտավորություն՝ կապված գերիների և զոհվածների վերադարձման հետ, չպետք է անմիջապես իրականացվի: Այստեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը և պատասխանատվությունը դառնում են պարտադիր հանձնառություններ՝ կա՛մ դադարեցնել բոլոր պարտավորությունների կատարումը, կա՛մ նպաստել դրանց համապարփակ ձևով և ժամկետներում իրականացմանը: Հաշվի առնելով այս խնդրի հրատապությունը` կոչ ենք անում նախաձեռնել ու հատուկ այցելություն կատարել Ադրբեջան և վերահսկել իրավիճակը նրանց պահման վայրերում՝ կանխելու գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումը, ինչպես նաև՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը` աջակցելու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հայ գերիների փոխանակման գործընթացի արագացման գործում: Մենք ապավինում ենք այս հարցում Ձեր փոխըմբռնմանը։ Ստեղծված իրավիճակում Ձեր առաքելությանը համապատասխան գործելով՝ Դուք կարող եք անմեղ մարդկանց կյանքեր փրկել, քանի որ հայերի և ադրբեջանցիների խաղաղ համագոյակցությունը, ցավոք, այս պայմաններում անհնար է, որովհետև շարունակում ենք տեղեկություններ ստանալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ։ Կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանում հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունները և լրացուցիչ երաշխիքների շրջանակներում պաշտպանելու վիրավորների իրավունքները: [b]ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյան[/b]

Նմանատիպ նյութեր