211652_close_icon
views-count4628 դիտում article-date 16:44 29-11-2020

Իրանը խոստանում է «վճռական պատժիչ» գործողություններ՝ ընդդեմ Իսրայելի. Ամերիկայի Ձայն

Իրանի գերագույն առաջնորդը հանդես է եկել Իրանի միջուկային հարցերով գիտնական Մոշեն Ֆախրիզադեի սպանության համար պատասխանատուների նկատմամբ ‘’վճռական պատիժ’’ իրականացնելու կոչով: Գիտնականի սպանությունն իրականացնելու մեջ Իրանի Հանրապետությունը մեղադրում է Իսրայելին, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5679816.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Իրանը, որին կասկածում են մեկ տասնամյակ առաջ իրանցի մի քանի այլ գիտնականների սպանություններն իրականացնելու մեջ, դեռեւս հանդես չի եկել այս սպանության վերաբերյալ որեւէ մեկնաբանությամբ: Իրականացված հարձակումը խոսում է այն մասին, որ այն եղել է մանրամասնորեն ծրագրված, ռազմական հատուկ ոճի ծուղակ: Իրանցի գիտնականի սպանության փաստը կարող է է՛լ ավելի սրել հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ մինչեւ նախագահ Դոնալդ Թրամփի ժամկետի ավարտը: Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընը խոստացել է, որ իր վարչակազմը կարող է նորից միանալ Իրանի միջուկային հարցերով միջազգային գործարքին, որից ԱՄՆ-ը դուրս էր բերել Թրամփը: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, Ֆախրիզադեին ‘’երկրի ականավոր միջուկային գիտնական’’ անվանելով, հայտարարել է, թե իրենց կողմից պետք է ակնկալել ‘’վճռական պատժիչ գործողություններ այդ սպանությունը կազմակերպողների ու դրա հրամանը տվողների նկատմամբ’’: Իրանի նախագահ Հասան Ռուհանին, որը սպանության մեջ մեղադրում է Իսրայելին, ասել է, թե Ֆախրիզադեի սպանությամբ Իրանի միջուկային ծրագիրը կանգ չի առնելու: Իրանի միջուկային քաղաքացիական ծրագիրը շարունակում է իր փորձերը եւ այժմ կարողանում է ուրանը հարստացնել մինչեւ 4.5%-ի, ինչը դեռեւս շատ ցածր ցուցանիշ է միջուկային զենք արտադրելու համար: Նման զենքերի համար անհրաժեշտ է ուրանի 90%-ի հարստացում: Գիտնականի սպանությունն իրականացվել է Թեհրանից ոչ հեռու գտնվող մի գյուղում, որը համարվում է երկրի ղեկավար անձանց հանգստյան գոտի: Ըստ Իրանի հեռուստատեսության, հին մի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում բեռնված փայտերի տակ եղել են պայթուցիկներ, պայթել է գիտնականի ավտոմեքենայի մոտ: Պայթյունից հետո ավտոմեքենայի ուղղությամբ հարձակում են իրականացրել առնվազն հինգ զինյալներ ու կրակահերթի տակ առել նրա ավտոմեքենան: Ֆախրիզադեն մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Հարձակման արդյունքում սպանվել է նաեւ նրա թիկնապահը: Չնայած Իրանը պնդում է, որ Ֆախրիզադեի գործունեությունը եղել է խաղաղ նպատակներով գիտական աշխատանքը, ԱՄՆ-ն անցյալ տարի հրապարակել էր զեկույց այն մասին, որ նրա գործունեությունն ունեցել է նաեւ միջուկային զենք ստեղծելու նպատակ: Իրանում սկսվել են բողոքի ցույցեր ընդդեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի: Պենտագոնը շաբաթ օրը հայտարարել է, թե իր USS Nimitz ավիակիրը նորից հետ է ուղարկում դեպի Մերձավոր Արեւելք:

Նմանատիպ նյութեր