1943 դիտում
09:16 18-11-2020
Վաշինգտոնն ու Փարիզը հստակություն են ակնկալում Մոսկվայից ԼՂ հարցում․ «Ամերիկայի ձայն»
Նոյեմբերի 18-ին Մոսկվայում կկայանան ԱՄՆ, ՌԴ ու Ֆրանսիայի դիվանագետների խորհրդակցություններ ԼՂ հարցի կարգավորման շուրջ: Հանդիպումից առաջ հնչել են ՄԽ-ի միջնորդների հայտարարություններ։
ԱՄՆ ու Ֆրանսիան ավելի մեծ հստակություն են ակնկալում ՌԴ-ից Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման հարցում, ներառյալ այս խնդրի շուրջ Թուրքիայի ունեցած դերակատարության, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5666946.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ըստ պետքարտուղարության աղբյուրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջին զարգացումները քննարկվել են Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմփեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի միջև հանդիպման ընթացքում: Կողմերն իրենց հավատարմություն են հայտնել խնդրի կարգավորման Մինսկի խմբի ձևաչափին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Մոսկվայում նախատեսվում է ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետների քննարկում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Նախքան հանդիպումը Վաշինգտոնն ու Փարիզը հանդես եկան նաև առանձին հայտարարություններով: ԱՄՆ պետքարտուղար Պոմփեոն ողջունեց ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը՝ կոչ անելով կողմերին հարգել միջազգային իրավունքով, ներառյալ՝ մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Պոմփեոն վերահաստատեց Վաշինգտոնի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պատրաստակամությունն աջակցելու Մինսկի խմբի ձևաչափի ներքո խաղաղ բանակցային գործընթացին: «Վերջին մարտերի ավարտը միայն առաջին քայլն է՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորմանը: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս արագ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն քաղաքական լուծմանը` հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, որոնք են ուժի կամ սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների սկզբունքները»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ:
Իսկ ինչպիսի դիրքորոշում կզբաղեցնի ԱՄՆ-ի նոր վարչակազմը հունվարին իշխանություն ստանձնելուց հետո: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը հույս է հայտնում, որ ԱՄՆ նոր վարչակազմն այս ուղղությամբ կվարի ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն:
«Ես չեմ բացառում, որ Բայդենի վարչակազմն առաջին հերթին վերականգնի իր հարաբերությունները Եվրոպայի հետ, որպեսզի ավելի սերտ և արդյունավետ աշխատի վերջիններիս հետ: ԱՄՆ-ը և Եվրոպան այնուհետև կարող են լուրջ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին և մասնավորապես ԼՂ խնդրին»,- ասում է դեսպան Հոգլանդը:
Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մոսկովյան խորհրդակցությունից առաջ ևս կարևորել է կրակի դադարեցումը՝ նշելով, սակայն, որ այստեղ առկա են երկիմաստություն պարունակող դրույթներ: Արտգործնախարարի կարծիքով անհրաժեշտ է հստակություն մցնել փախստականների, զինադադարի սահմանազատման, Թուրքիայի ներկայության, օտարերկրյա զինյալների վերադարձի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների մեկնարկի հարցերում: Այս հարցերն, ըստ ֆրանսիացի դիվանագետի, կքննարկվեն մոսկովյան խորհրդակցության ընթացքում:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով չնայած այն հանգամանքին, որ այս հրադադարը Մոսկվան հաստատել է ինքնուրույն ու այսօր տարածաշրջանում են ռուս խաղաղապահները, չպետք է քննադատել ՌԴ այս կապակցությամբ, քանի որ այսպիսով հնարավոր է դարձել կանգնեցնել արյունահեղությունը:
«Սա ևս մեկ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դադարեցնեն արյունահեղությունը, հաստատեն տևական հրադադար, որը կնպաստի ի վերջո երկարատև խաղաղության ու հաշտության հաստատմանը»,- ասում է դեսպան Կազլյարիչը:
Վերլուծաբան Մայքլ Ռուբինը ևս համակարծիք է՝ հրադադարի ռեժիմը հնարավորություն տվեց դադարեցնելու կրակն ու արյունահեղությունը: Հակամարտությունը ստացել էր անկանխատեսելի միջազգայնացված բնույթ: Այսօր խնդրի կարգավորումը սառեցված է, իսկ դիվանագիտական ջանքերով համաձայնության հասնելու հնարավորությունը հետընթաց է ապրել, կարծում է վերլուծաբանը:
«Անհանգստացնող է այն, որ չնայած Մինսկի գործընթացի հիմքում էր ընկած «խաղաղություն տարածքների դիմաց» մոտեցումը, մենք ականատես եղանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության, ուր ասված է, որ մենք վերադարձրել ենք մեր տարածքներն առանց ինքնիշխանության հարցում որևէ պարտավորության: Դա հուշում է, որ նա բացարձակապես շահագրգռված չէ բանակցել՝ խաղաղության հաստատման և այդ ուղղությամբ առաջ շարժվելու հարցում»,- նկատում է Ռուբինը:
Իր հերթին Ռուսասատնի նախագահ Պուտինը նոյեմբերի 17-ին ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ և առկա է պայմանավորվածություն կողմերի հետ այսօրվա իրավիճակի պահպանման վերաբերյալ: Կորգավիճակը կորոշվի ապագայում, ապագա ղեկավարների կամ այս գործընթացի ապագա մասնակիցների կողմից, ասել է ՌԴ նախագահը՝ չբացառելով, որ եթե խաղաղ կյանքը ԼՂ մտնի հունի մեջ և վերականգնվեն հայ-ադրբեջանական միջպետական, այլ տեսակի հարաբերություններ, ապա դա կարող է նպաստել կարգավիճակի խնդրի ավելի արագ կարգավորմանը:
Նմանատիպ նյութեր
2369 դիտում
18:22 26-05-2021
ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում . Փաշինյանը հստակություն է ակնկալում
5078 դիտում
14:16 28-02-2021
Վաշինգտոնը հորդորում է Երևանին անհապաղ հստակություն մտցնել Իրանում հայտնված Boeing 737 ինքնաթիռի հարցում
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»